Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կրակել են հայ ամուսինների վրա: Այս մասին հայտնում է «360 աստիճան» հեռուստաալիքը:
«Ինչ որ հաշիվմաքրոցի է եղել, ատրճանակով հայերի վրա էլ են կրակել: Երկուսով մեքենայով գնալիս են եղել, նրանց վրա են հարձակվել: Նրանք, ում վրա հարձակվել են, փորձել են փախչել և մտել են դպրոցի շենք: Հայեր են՝ ամուսիններ, ընդ որում, տղամարդուն վիրավորել են: Նրանք թաքնվել են դպրոցում, ոստիկանություն կանչել»,- պատմել է ականատեսներից մեկը:
Դպրոցի ղեկավարությունը, սակայն, հերքում է, որ հրաձգություն է տեղի ունեցել: «Ոչ մի կրակոց չի եղել. Ո՛չ դպրոցում, ո՛չ դպրոցի տարածքում»,- ասել են ղեկավարությունից:
«Մեզ թույլ չէին տալիս մտնել առաջին հարկ, շտապ օգնություն էին կանչում, հրշեջ ծառայություն, ոստիկանություն: Մենք վախեցանք, բայց մեզ ոչինչ չեին բացատրում, պարզապես փակել էին երկրորդ հարկում: Տարրական դասարանի երեխաներին տուն էին ուղարկել»,- ասել է աշակերտներից մեկը:
Ամուսինների առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ