Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ համագործակցության մարտահրավերներ և հեռանկարներ

Մարտ 01,2019 16:42

Անժելա Ամիրջանյան

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության VI դպրոցի շրջանավարտ

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Եվրոպական խորհրդարանի նախկին ստաժոր

 

ՀՀ արտաքին տարածաշրջանային համակարգում, մասնավորապես` Եվրոպայում, ներկայումս լրջագույն մարտահրավերներից են «Բրեքսիթ»-ը և միգրացիոն ճգնաժամը:

«Բրեքսիթի» տնտեսական հետևանքներն առավել քան ակնհայտ են. ի դեմս Միացյալ Թագավորության` ԵՄ-ը կկորցնի տնտեսապես ամենալիբերալ շուկաներից մեկը, ինչը կարող է ԵՄ-ին տնտեսական քաղաքականության հարցերում ավելի պրոտեկցիոնիստ դարձնել: Տնտեսական հետևանքներից զատ «Բրեքսիթ»-ը ԵՄ-ի 2 կարևորագույն ոլորտների՝ արտաքին քաղաքականության և պաշտպանության վրա կարող է ազդեցություն ունենալ: Արտաքին քաղաքականության ոլորտում Միացյալ Թագավորության դուրս գալը ԵՄ-ից կարող է տրանսատլանտյան հարաբերությունների վրա ազդել․ գաղտնիք չէ, որ ՄԹ-ը մշտապես կամուրջ է եղել ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում, հետևապես ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները կարող են առավել բարդանալ, իսկ ԵՄ կախվածությունն ԱՄՆ-ից՝ ավելի մեծանալ: Պաշտպանության ոլորտի տեսանկյունից ՄԹ-ն իրապես խոշոր ներդրում է ունեցել ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մեջ։ Այն ԵՄ անդամ եզակի երկրներից է, որը ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնում էր պաշտպանական ոլորտին։ Այսպիսով, «Բրեքսիթ»-ի վերջնական իրականացումը միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը կարող է կրկին մտցնել ԵՄ օրակարգ:

Առաջին հայացքից այս ամենի ազդեցությունն Արևելյան գործընկերության երկրների վրա տեսանելի չէ, սակայն անվտանգության վերոնշյալ մարտահրավերների պայմաններում ԵՄ-ը, վստահաբար, պետք է առավել մեծ ուշադրություն հատկացնի հարևանության քաղաքականությանը: ԵՄ գործակցությունը հարևանության հետ կարող է թուլանալ, եթե ԵՄ-ը, հիմնվելով ներկայիս մարտահրավերների վրա, որոշի նվազեցնել բարեփոխումների աջակցությունը` Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի չլարելու համար: Սա ակնհայտորեն կխրախուսի այդ երկրներին թեկուզ մասնակիորեն ռուսական ազդեցության տակ վերադառնալը, ինչն ուղղակիորեն հակասում է Լիսաբոնի պայմանագրին: Նոր ու առավել սերտ համագործակցություն է անհրաժեշտ ԱլԳ երկրների հետ` ուղղված արևելքի ու արևմուտքի աստիճանական մերձեցմանը: Այդ նոր մոտեցումը չպետք է հիմնված լինի կենտրոն-հարևանություն մոդելի վրա, որտեղ հարևան երկրները պետք է ընտրեն միայն մեկ կենտրոն: Փոխարենը, այդ մոդելը չպետք է ունենա բացառման տրամաբանություն: Այս մոտեցման համաձայն՝ շահագրգիռ երկրները կարող են հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ` միաժամանակ մերձենալով ԵՄ-ին: Այսպիսի ուղի է ընտրել Հայաստանը, որը որդեգրել է տնտեսական ինտեգրացիայի բոլորովին այլ ճանապարհ, սակայն շարունակում է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Եվրոպական Միության կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ընդգծելու համար բավական է նշել 2018թ. ապրիլյան իրադարձությունները, որի կորիզը կազմել են երիտասարդությունն ու քաղաքացիական հասարակությունը: Իզուր չէ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը 2018թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում վարչապետ Փաշինյանին ասաց, որ Հայաստանում տեղի ունեցածը շատ բացառիկ էր և շատ եվրոպական: Հայաստանում տեղի ունեցածը եվրոպական ոճի հեղափոխություն բրենդավորելով՝ Տուսկը ցանկանում էր ակնարկել այն ներդրումը կամ դերը, որ ԵՄ-ն ունեցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման և երիտասարդների դերի մեծացման գործում: Քաղաքացիական հասարակության գերկարևորությունն էլ պայմանավորված է նրանով, որ կայուն ու զարգացած քաղաքացիական հասարակությունն է հիմնականում ի զորու տապալել ոչ ժողովրդական վարչակարգը:

Ինչպես արդեն նշվեց, ԱլԳ երկրների շարքում Հայաստանն օրինակ է մի երկրի, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության և հավասարակշռության սկզբունքների հիման վրա։ ՀՀ-ԵՄ հարաբերությունններին նոր որակ հաղորդելու և գործակցությունը վերաիմաստավորելու համար առանձնացրել ենք ներքոնշյալ երկու ուղղությունները:

 

ԵՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը (Common Security and Defence Policy) պաշտպանության և ճգնաժամային կառավարման ոլորտում ԵՄ քաղաքականության ասպեկտներից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ-ին առաջատար դեր կատարել խաղաղապահ գործողություններում, հակամարտությունների կանխարգելման և միջազգային անվտանգության ամրապնդման գործում[1]: Ներկայումս ԵՄ ներգրավված է 17 առաքելությունների մեջ: Հարկ ենք համարում նշել, որ ԱլԳ երկրներից Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան արդեն իսկ ներդրում ունեցել են ԵՄ օպերացիաների մեջ: Եվրոպացի որոշ փորձագետներ կարծում են, որ երրորդ երկրների ներգրավումն այդ առաքելությունների մեջ կարող է փոխշահավետ լինել: Երրորդ երկրները, որոնք տարբեր գեոպոլիտիկ օրակարգեր կամ կարողություններ ունեն, ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելությունների մեջ ներգրավվում են թե՛ անվտանգության նկատառումներից ելնելով, թե՛ պարզապես գործառնական փորձ ձեռք բերելու նպատակով[2]: Օրինակ` Վրաստանը մասնակցել է նման օպերացիաների Լիբիայում, Մալիում և այլն: Վրաստանի պարագայում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաքելությունների մեջ ներգրավվելը, բնականաբար, պայմանավորված է եվրոատլանտյան ձգտումներով: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը շուրջ 10 տարվա հարուստ փորձ ունի խաղաղապահ գործողություններում, երկկողմ համագործակցության ավանդական ոլորտների զարգացման հետ մեկտեղ հայ խաղաղապահների ընդգրկումը ԵՄ առաքելությունների և օպերացիաների մեջ համագործակցության նոր ու հետաքրքիր ոլորտ կարող է լինել: Դա կարող է բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը ճգնաժամային կառավարման ոլորտում: Իսկ ԵՄ-ի համար սա արդյունավետ կարող է լինել թե´ կարողությունների և փորձի զարգացման, թե´ քաղաքական առումով՝ երրորդ երկրների հետ հարաբերություններն ինստիտուցիոնալիզացնելու տեսանկյունից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ԻՐԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

ՀՀ-ի դերն Իրան-ԵՄ հարաբերություններում կարող ենք դիտարկել երկու տեսանկյունից. նախևառաջ տնտեսական գործոնն է, մասնավորապես՝ փոխադրումների իրականացման ծրագրերը` ուղղված Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Թեև Ռուսաստանի ունեցած քաղաքական ու տնտեսական լծակները միշտ խոչընդոտել են կառուցելու կայուն պլատֆորմ ԵՄ-Իրան հարաբերություններում, Հայաստանի նոր վարչակազմը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի Հայաստան-Իրան հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանը:

Իրանի նախագահ Ռոուհանին մի քանի անգամ շեշտել է Հայաստան-Վրաստան միջանցքով Պարսկական Ծոցը Սև ծովին միացնելու անհրաժեշտության մասին: Սրա առթիվ դրական ազդակներ հաղորդել է նաև ԱՄՆ-ը: ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն անգամ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է պլատֆորմ դառնալ նաև Իրան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների համար[3]: Այս ամենը, անշուշտ, կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև նպաստել Իրան-ԵՄ կապերի ամրապնդմանը:

Մյուս կողմից, Հայաստանը կարող է Good office դառնալ Իրան-ԵՄ հարաբերություններում: Միջազգային հարաբերություններում և միջազգային իրավունքում Գուդ օֆիսը երրորդ երկրի կողմից դիվանագիտական ու մարդասիրական միջամտությունն է, դիվանագիտական ճանապարհով վեճերի հարթումը: Իսկ ավելի լայն իմաստով` տերմինը գործածվում է որպես ցանկացած տեսակի ոչ կառուցվածքային աջակցության եղանակ երրորդ երկրի կողմից:

 

         

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

 

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումում:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] The Common Security and Defence Policy (CSDP), EEAS, see at: https://eeas.europa.eu/topics/common-security-and-defence-policy-csdp/431/common-security-and-defence-policy-csdp_en

[2] CSDP: getting third states on board, Thierry Tardy, March 2014, see at: https://www.iss.europa.eu/sites/default/files/EUISSFiles/Brief_6_CSDP_and_third_states.pdf

[3] The potential and obstacles to Armenia-Iran strategic relations, March 16th, 2016, The CACI Analyst, see at: https://www.cacianalyst.org/publications/analytical-articles/item/13343-the-potential-and-obstacles-to-armenia-iran-strategic-relations.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031