Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան. սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության դեպքում մեր երկրի իշխանությունները պատրաստ են առավել կատարելագործելու երկրի մայր օրենքը

Մարտ 01,2019 16:07

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 1-ին հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոյի, Իվ Գունենի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ հրավերով` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի անդամներն անդրադարձել են սահմանադրական, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին: Նրանց խոսքով՝ Հայաստանում այս օրերին ունեցած հանդիպումների ընթացքում արձանագրել են, որ հիմնական խնդիրները մասնավորապես առնչվում են ռեյտինգային ընտրակարգին, ընտրական վեճերի լուծման համար սահմանված կարճ ժամկետին եւ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ֆինանսավորմանը: Արտասահմանցի հյուրերը ներկայացրել են վերոնշյալ հարցերում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի իրավական համակարգերի առանձնահատկությունները՝ համագործակցության եւ փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնելով:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության դեպքում մեր երկրի իշխանությունները պատրաստ են առավել կատարելագործելու երկրի մայր օրենքը՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում օրենսդրությունն առավել ճկուն է դարձել, եւ խորհրդարանը համապատասխան ընթացակարգի միջոցով կարող է նախաձեռնել դրանք:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն Ազգային ժողովի օրակարգում են, քանի որ նախորդ ընտրությունների ընթացքում հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ ի հայտ եկան: Նա մասնավորապես առանձնացրել է ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ չի տալիս կենտրոնանալ միջկուսակցական պայքարի վրա: Բանախոսն ԸՕ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ առաջարկվող մեխանիզմները, հիմնված լինելով միջազգային չափորոշիչների վրա, հաշվի առնեն ազգային առանձնահատկությունները:

«Մենք այս փուլում փորձում ենք իրավական հիմք ստեղծել տնտեսական հեղափոխության իրականացման համար, քանի որ հնարավոր չէ կերտել բնականոն տնտեսական հարաբերություններ՝ չունենալով իրավունքի գերակայության վրա հիմնված կայուն իրավական համակարգ»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի կանխարգելման հարցում իրականացվող օրենսդրական կարգավորումներին, նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման ակտիվացմանը եւ այլ հարցերի:

Հանձնաժողովի անդամներն ընդգծել են միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ կարեւորելով իրավական ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում արդյունավետ փորձ ունեցող երկրների անցած ուղու ուսումնասիրությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031