«Եթե մեզ մոտ քաղաքական կամք չլիներ, վարույթն իրականացնող մարմիններն այսքան խորացված քննություն չէին ապահովի: Միշտ վարույթն էլ է քրեականացված եղել այս տասը տարիների ընթացքում»,-«Հոդված 3» ակումբում «Հետհեղափոխական «մարտի 1»-ը. նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետո» թեմայով քննարկմանը հայտարարեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ դրա վառ վկայությունն է 2008-ին Վահագն Հարությունյանի կողմից մարտի 1-ի գործի ձախողման պատասխանատվության հարցը. «Այսօր, որ հարցը բարձրացվել է, խոսում է այն մասին, որ նա չի զբաղվել իր գործով, այլ զբաղվել է իշխանության առաջ քաշած վարկածը հիմնավորելով և ձախողել է մարտի մեկը իր բոլոր ճյուղերով»:
Սեդա Սաֆարյանը խուսափեց այսօրվա կատարված քննությանը գնահատական տալուց ու ասաց. «Այն, ինչ սկսվել է, բավականին հուսադրող է և′ հասարակության, և′ մեզ համար, քանի որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են մեղադրանք առաջադրել՝ նկատի ունենալով նաև իշխանական թևում ստեղծված ռեպրեսիվ իրավիճակը և ուժերի հզորությունը, ոչ թե այն առումով, որ նրանք շատ էին հասկանում, որ արմատավորված էր բռնության գաղափարը և բռնության գաղափարով պայմանավորված նրա կողքին կանգնած պաշտոնյաները բոլորն էլ նորմալ էին համարում այն, ինչ կատարվել էր»:
Սեյրան Օհանյանի հայտարարությունների առնչությամբ Սեդա Սաֆարյանն ասաց. «Զարմացա, որ այսքանից հետո նա շարունակում է նույնաբովանդակ վարքագիծ դրսևորել մարտի 1-ի գործում իրենց ունեցած դերի և իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դերի վերաբերյալ: Զարմանում է, որ քրեական պատասխանատվության է ենթարկվում երկրորդ նախագահը: Սա խոսում է նաև այն բանի մասին, որ տարիներն էլ չեն փոխել իրենց ու իրենց համակարգը. պատկերացնո՞ւմ եք, որ այդ համակարգում մենք աշխատել ենք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այս չորս պաշտոնյաների նկատմամբ մեղադրանքի ուղարկումը դատարան շատ կարևոր է: Բավարարվում ենք այնքանով, որ գրեթե բոլոր առաջնորդների շրջանակը, որոնք վճռորոշ դեր են ունեցել մարտի 1-ի կազմակերպման և մասնակցության առումով, կարելի է ասել՝ 70-80 տոկոսով ամբողջացված է»:
Դառնալով Ռոբերտ Քոչարյանի վարքագծին՝ Սեդա Սաֆարյանն ասաց, որ նա 2005-ին, երբ հանրաքվեով ընդունվել է սահմանադրություն, չգիտես ինչու այդ սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվել 56/1 հոդվածում և ներմուծել անձեռնմխելիության ինստիտուտ. «2004-ին՝ Քոչարյանի իշխանության տարիներին ԱԺ շենքից ժողովրդի վրա կրակոցներ եղան և օգտագործվեց արգելված զենքի տեսակներ, ինքը պատասխանատվություն չկրեց, ինքն իր իշխանության տարիների դառը փորձից ելնելով, մտածելով, որ հետո նույնատիպ վարք կարող է ուժ կիրառել, սահմանադրության մեջ մտցրեց անձեռնմխելիության կարգավիճակը և փորձեց հետագայում օգտագործել իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք»:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց՝ այն, որ կրակողների հարցը հենց սկզբից այս նոր պայմաններում քննվել է, դա հուշում է հենց Վահագն Հարությունյանի մեղադրանքը. «Նա մեղադրվում է պարկուճները՝ իրեղեն ապացույցները, ոչնչացնելու մեջ: Ինչո՞ւ են ոչնչացվել պարկուճները: Պարկուճները շատ կարևոր նշանակություն են ունեցել ժամանակին: Շատ լավ գիտակցելով դա՝ փոխարինել են պարկուճներով, որոնք իրականում կիրառված հրազենի հետ կապ չեն ունեցել»:
Հարցին՝ Ռուսաստանի ազդեցությունը որքանո՞վ է արտացոլվում մարտի 1-ի իրադարձություններում, Վահագն Հովակիմյանն ասաց. «Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, դրա պատասխանատուն եղել են այդ պահի իշխանությունները, որոնք սահմանադրորեն պարտավոր էին երաշխավորել մարդու իրավունքների իրացումը: Պետք չէ սլաքները իրական մեղավորներից ուղղել դեպի միջազգային դավադրություն»:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Մարտի 1-ի վերաբերյալ արված հայտարարությանը, Վահագն Հովակիմյանը նշեց, որ այդ հայտարարության առանցքային թելն այն է, որ իրենք իրենցից կախված ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում այլևս բացառվեն նոր մարտիմեկերը. «Անելու ենք ամեն ինչ, որ ՀՀ-ում մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար հետապնդումների չենթարկվեն։ Դա թավշյա հեղափոխության պատգամն է․ չէ՞ որ այն տեղի է ունեցել այդ շրջապտույտը կասեցնելու համար։ Կա նախագիծ, որով նախատեսվում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և վիրավորված անձանց տալ փոխհատուցում։ Մենք հետամուտ ենք լինելու, որ այդ օրինագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ընդունվի»։
Փաստաբան Արա Ղազարյանը նշեց. «Ապացուցողական բազայի մասին շատ խոսել չեմ կարող, քանի որ ինքս չեմ մասնակցել: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավարությունը սկսեց վերևից, ոչ թե ներքևից, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանից, այլ ոչ թե կրակողներից: Կարծում եմ, եթե քննությունը սկսեր ներքևից, գուցե ավելի մեծ հաջողության կհասնեին քննչական մարմինները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի