ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու մոտ ապագայում երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստման հարցը, այդ թվում քննարկման հնարավոր թեմաները: Համանախագահները նաև երկու մայրաքաղաքներում քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների առաջնորդները համանախագահներին զեկուցել են Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած իրենց վերջին զրույցի մանրամասները: Համանախագահները նրանց հետ քննարկել են տեղերում տիրող իրավիճակը և սպասվող քայլերի մասին նրանց ակնկալիքները:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում զարգացող քննարկումները ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ: Երկու երկրների առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում հանդիպելու նրանց հովանու ներքո:
Տարածաշրջանային այցից հետո համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ից մարտի 1-ը եղել Վիեննայում և Բրատիսլավայում՝ այցի մանրամասները զեկուցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ