ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը «Արմենպրեսում» կայացած ասուլիսում նշեց, որ չէր պատկերացնում, որ աղմուկ կբարձրանա եւ հակասական տեղեկություններ կհայտնվեն մամուլում՝ կապված մշակութային ՊՈԱԿ-ների լուծարման, օպտիմալացման եւ կառավարման ձեւի փոփոխության հետ:
Նա հերքեց լուրը, որ նախագիծը դրվելու է մարտի հինգի կառավարության նիստին: «Եթե դա գաղտնի թուղթ լիներ, չէր կարող մտնել մեր ներքին համակարգ, հետեւաբար «սեւ թուղթ» լինել չի կարող»,-արձագանքեց տիկին Ղարիբյանը լրագրողներից մեկի ռեպլիկին:
Նազենի Ղարիբյանն ասաց, որ ընդամենը եղել է կառավարության հանձնարարական՝ որոշակի վերլուծություն կատարելու, իսկ նման հանձնարարականներ ստանում են բոլոր նախարարությունները:
«Հստակ հանձնարարական կար առաջնորդվել ոչ թե խնայողության, տնտեսման կամ կրճատումների ճանապարհով, այլ պարզապես պատասխանատվության համախմբման, կենտրոնացման եւ գործունեության արդյունավետության հրամայականով շարժվելու»,-նշեց Նազենի Ղարիբյանը եւ ընդգծեց, որ նախարարության բոլոր վարչություններն էլ մասնակցել են այդ աշխատանքին, եւ տեղեկանքը ժամկետների մեջ ուղարկվել է կառավարություն: Նրա ասելով, խոսքը գնում է ընդամենը սեւագիր տեղեկանքի մասին:
«Ես հասկանում եմ, որ գուցե եւ տարիներ շարունակ էդպիսի թղթեր եղել են, որոշումը կայացվել է գաղտնի, եւ մարդիկ հետո փաստի առաջ են կանգնել, բայց ես հավաստիացնում եմ՝ մեր գործունեությունը այդպիսին չէ»,-ասաց նախարարի պարտականությունների կատարողը:
Նա նշեց, որ ունեն հանձնաժողով, որը զուգահեռ զբաղվում է օրենսդրական դաշտի կարգավորումներով: «Նաեւ ինքներս ուզում ենք հասկանալ, թե ինչպիսի կառուցվածք է, համագործակցությունն է առավելագույնս հարմար մեր ՊՈԱԿ-ների, մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման ՊՈԱԿ-ների համար»,- ասաց Ղարիբյանը: Իսկ տնօրեններին տեղյակ չի պահվել, քանի որ ուսումնասիրությունը սեւագիր տարբերակով է եղել:
Հավելեց նաեւ, որ երկուշաբթի օրը քննարկում է նախատեսված մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների տնօրենների հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ