Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում էր՝ «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպմանը:
Լրագրողների հետ զրույցում խոսելով խոշորացման մասին, նա ասաց, որ դրական կողմերի, բացասական հետեւանքների մասին պետք է քննարկեն, նոր հետագայում որոշումներ կայացնեն: Հարցին՝ խոշորացման գործընթացի վերանայում հնարավո՞ր է լինի՝ Պապիկյանը պատասխանեց, որ այս փուլում վերանայման մասին չեն խոսում, նոր փուլի մասին են խոսում. «Վերանայում կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կլինեն նոր ընտրություններ: Բայց անընդհատ նոր փոփոխություններ չանենք, էլի, համակարգը չի կարելի անընդհատ ցնցել: Գույքագրած արդեն իսկ կա, թե ինչ խնդիրներ կան, որտեղ են տեղի ունեցել թերացումներ, ինչպես է հնարավոր շտկել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ այսօրվա երթի հետ կապված մարզպետները ջանք են թափում, որ այսպես ասած, «մարդ հավաքեն», օրինակ, Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ ավտոերթով միանան իրենց, սա վարչական ռեսուրսի գործադրում չի՞՝ Սուրեն Պապիկյանը պատասխանեց.«Այդտեղ շփոթմունք է եղել: Իրականում ոչ մի գաղտնիք չկա, բոլորս էլ ցանկություն ունենք, մասնակցել այդ օրվա երթին, դա հարգանքի տուրքի մատուցում է»: Պապիկյանը վստահեցրեց, որ խնդիր չունեն լայն մասսաներ հավաքել ու դրա համար էլ վարչական լծակ օգտագործել, դրա կարիքը չկա:
Լրագրողներն ասացին, որ աշխատանքից շուտ են դուրս գալիս, որ գնան երթի, Պապիկյանն ասաց, որ նման բան չկա, կարդացեք Արմավիրի մարզպետի հայտարարությունը, մարդը հրավիրում է 18.30-ին: Լրագրողներն ասացին, որ կարդացել ենք Լոռու մարզպետի հայտարարությունը, որն ասում է՝ 4.30-ից Վանաձորից շարժվում ենք, այսինքն, մեկուկես ժամ շուտ են դուրս եկել աշխատանքից՝ Պապիկյանը, ի պատասխան հորդորեց այս օրը շահարկումների առիթ չդարձնել, հարգանքով մոտենալ օրվան. «Այստեղ չի կարող լինել քաղաքական հարց ու դրա հիմքում դնել վարչական ռեսուրսի չարաշահում: Չի լինի, որ գիշերը գնանք, ճիշտ հասկացեք, մենք մեր պարտքն ենք տալու»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ