Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրվել է ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պապիկյանն ասաց, որ քննարկել են ապագա անելիքները, նախարարության տեսլականը. «Քննարկել են, թե ինչ խնդիրներ կան ծառացած նախարարության առաջ, ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Կարեւոր հարցերից մեկը «Տարածքային կառավարման մասին» օրենքի՝ ԱԺ բերելն է, որից կբխի մարզպետարանների աշխատակազմի կրճատումը: Առանց օրենքի դա հնարավոր չէ կենսագործել, հիմա պատրաստ են երկու փաթեթներն էլ»: Պապիկյանն ասաց, որ 30 տոկոս օպտիմալացման մասին է խոսքը:
Նա ասաց, որ, օրինակ, Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս ու աշխատակիցների թիվը 121-ից կարող է հասնել, օրինակ, 87-ի. «Մենք պարզել ենք, որ աշխատակիցների 40 տոկոսը, ըստ էության, աշխատանք չի կատարում: Չեմ ասում ոչ մի բան չի անում, բայց նրա փոխարեն կարող է դա անել մեկ այլ աշխատող ու ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատել: Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, ուզում ենք կառավարումը դարձնենք արդյունավետ: Դրա համար պետական կառավարման համակարգում պիտի հնարավորություն ունենան աշխատել մասնագետները, որոնք պրոֆեսիոնալ են, ոլորտին տիրապետում են, ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ ու հարմարավետ տեղավորվել են, իսկ մնացածի համար այդ ճանապարհը փակ է, որովհետեւ իրենք քաղծառայող են եւ պաշտպանված են օրենքով: Մենք պիտի հնարավորություն ստեղծենք բոլորի համար»:
Մեր հարցին՝ ձեր ասածի հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերը գրում են՝ նրանց խնամիներին, ծանոթներին հանում եք, հիմա էլ ձե՞ր խնամի, ծանոթ, բարեկամներին եք բերում՝ Պապիկյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ցույց տալ մեկ աշխատող, որ զուտ իմ խնամի, ծանոթ, բարեկամները լինելով՝ հայտնվել են պետական կառավարման համակարգում՝ զուտ իմ խնամի, ծանոթը լինելով: Չկա նման դեպք»:
Պապիկյանն ասաց, որ նախկինում բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ, այսօր չեն վերանշանակել նոր փոխմարզպետներ ու միայն երկու մարզպետարանում է, որ առայժմ երկու տեղակալ կա, մնացած բոլոր տեղերում մեկ տեղակալով են աշխատում: Մարզպետներն այսուհետ ունենալու են մեկ տեղակալ ու մեկ օգնական:
Այսօր ամենաշատ աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետարանում են՝ 180-ից ավելի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ