Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը չի ուղարկել, սակայն չի էլ կանխի. այդօրինակ հնարքները «մրցակցություն են խթանում» Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի ուղղությամբ. «Ժամանակ»

Մարտ 01,2019 13:11

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան փետրվարի 28-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ՌԴ պատգամավորների մասնակցության առումով պետք է դիմել հենց նրանց՝ ՌԴ ԱԳՆ-ն չունի որևէ առնչություն: Մի կողմից հատկանշական է, որ Զախարովայի շուրթերով ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվում է պատգամավորների մասնակցությունից, այդպիսով փաստացի անհամաձայնություն հայտնելով Խոջալուի կապակցությամբ ադրբեջանական մեկնաբանությանը: Մյուս կողմից, այստեղ դրսևորվում է թերևս ցանկացած մեծ տերությանը բնորոշ խնդիր՝ իշխանական համակարգում առկա տարբեր ինստիտուտների և խմբերի միջև «բնական» բաժանարար գծերը, որոնցից յուրաքանչյուրի հետ, յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է աշխատել առանձին-առանձին: Դա չի նշանակում իհարկե, որ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին երբեք չի տվել Հայաստանին դժգոհության տեղիք, չի տվել այդպիսի առիթ, և այստեղ ամեն ինչ եղել է սահուն և հարթ:

Սակայն ընդհանուր առմամբ, գործադիր իշխանության խողովակը իր բնույթն ու առանձնահատկությունն ունի, և հայ-ռուսական հարաբերության ծիրում Հայաստանի հիմնական ուշադրությունը մեծ հաշվով կենտրոնացել է դրա վրա: Սա ևս հասկանալի է, ի վերջո, հատկապես Ռուսաստանի տիպի երկրներում իշխանության ծանրության կենտրոնը հենց գործադիր օղակն է: Սակայն մյուս կողմից լինում են իրավիճակներ, երբ անուշադրության մատնված օղակները կարող են մատուցել տհաճ անակնկալներ, իսկ դրանք էլ իրենց հերթին խորքային արձագանքի չարժանանալու դեպքում կարող են կուտակվել իրար վրա և ստեղծել արդեն խնդիրների կույտ, որը կունենա ավելի երկարաժամկետ հետևանք:

Այդ տեսանկյունից, պաշտոնական դժգոհությունը շատ կարևոր, անհրաժեշտ, միաժամանակ խնդրի մի մասն է միայն, այսպես ասած՝ մակերեսի անելիքը: Խորքում այն պետք է ունենա շարունակություն, ու արդեն ոչ թե դժգոհության, այլ ՌԴ խորհրդարանական շրջանակի ուղղությամբ համալիր, ինտենսիվ աշխատանքի տեսքով, որը թույլ կտա մրցակցել այն աշխատանքի հետ, որ կատարում է Ադրբեջանը և որի դրսևորումն էլ եղել է ՌԴ պատգամավորների մասնակցությունը: Անշուշտ, Կրեմլը կարող էր կանխել: Բայց Կրեմլը չի ուղարկել, սակայն չի էլ կանխի, որովհետև այդօրինակ հնարքները, մի կողմից, «մրցակցություն են խթանում» Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի ուղղությամբ, մյուս կողմից՝ թույլ տալիս թեկուզ մանր, սակայն կախման թելեր ստեղծել թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031