Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե բոլոր մարզերում բացահայտվել են հողօգտագործողներին պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում տևականորեն գործած կոռուպցիոն չարաշահումների մեխանիզմներ. դատախազություն

Մարտ 01,2019 13:07

Դատախազության ստորաբաժանումների, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և տարածքային դատախազությունների կողմից պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացված համակարգված աշխատանքի և նախաձեռնողականության արդյունքում 2018թ. ընթացքում բացահայտվել են հանրապետության գրեթե բոլոր մարզերում հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում տևականորեն գործած կոռուպցիոն չարաշահումների մեխանիզմներ: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվել պարարտանյութի և սերմերի մատակարարմամբ զբաղվող պարտապան ընկերություններից բյուջետային վարկերի վերադարձման ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ: Այսինքն` ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:

Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի գծով շուրջ 165.000.000 ՀՀ դրամի, իսկ սերմերի գծով շուրջ 642.000.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունները՝ նույն գումարի չափով նվազեցնելով պետական բյուջեի հանդեպ մատակարար ընկերությունների վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի և սերմերի տրամադրման, ինչպես նաև պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ:

Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից և փաստացի դրանց չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել են:

Բացահայտված առերևույթ հանցագործությունների փաստերով 2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել է 25, իսկ սերմերի գծով՝ 49 քրեական գործ:

Հարուցված քրեական գործերով, առերևույթ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031