Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ տիկին Մեսրոպյանին պաշտոնազրկելու միջնորդագիր էր ներկայացրել Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ որպես հիմնավորում ներկայացնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 308 և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ վերջինս, չարաշահելով պաշտոնական լիազորությունները, կատարել է պաշտոնական կեղծիք ու այդ գործում ներգրավել դպրոցի բազմաքանակ՝ թվով 25 աշխատակիցների։
Վերջերս էլ հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի դատախազը լրագրողներին ասել էր․ «Եթե պաշտոնական դիրքի հետ կապված հանցագործություն թույլ տված անձին թույլատրեն շարունակել պաշտոնավարումը, հանրությունն ի՞նչ գնահատական կտա մեզ»։
Դատախազը նաև մանրամասնել էր, որ տնօրենը քրեական գործի քննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել իր մեղքը, զղջացել ու վերականգնել է պետությանը պատճառած վնասը։ Նույն բովանդակությամբ ցուցմունքներ են տվել նաև ուսուցիչները և փոխտնօրենը։
«Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործի վարույթը կարճել ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել այն պատճառաբանությամբ, որ այս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելն աննպատակահարմար էր, ո՞նց եք պատկերացնում մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տանք»,- ասել էր Կարեն Գաբրիելյանը։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, որոնք, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ