Մշակույթի նախարարության վերլուծությունների փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ ՊՈՕԿ-ներ լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել, վերջին շրջանում արժանացավ բուռն քննադատությունների։ Ավելի ուշ պարզվեց, որ նախարարության աշխատանքային սեւագիր վերլուծությունները անհասկանալի ճանապարհով հայտնվել են որոշ լրատվամիջոցների ձեռքում եւ տարածվել որպես հաստատված եւ մշակված փաստաթուղթ։ Ինքը՝ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող փոխնախարար Նազենի Ղարիբյանը, նշել է, որ նախարարությունը այդ վերլուծությունների փաթեթը կարող է կյանքի կոչել, կարող է՝ ոչ։ Եվ քանի որ կա այս ծրագրերի իրականացման թեկուզ 50 տոկոսի հավանականություն, ՊՈԱԿ- ների լուծարման շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում։
Փաթեթում նշվում է, որ, օրինակ, «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվելու է, առաջարկվում է օպտիմալացնել, որից հետո միացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին։ «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արթուր Ներսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց ՊՈԱԿ-ն արդեն իսկ վերակազմավորվել է եւ նորից այդ պրոցեսով անցնելու կարիք չունի. «Եթե մեզ օպտիմալացնեն, շիլաշփոթ է լինելու։ Մենք մեր գործը լավ անում ենք, ազգային երաժշտության բնագավառում լավագույն ավանդույթները պահպանում ենք։ Ասենք թե՝ մի տասը հոգու հանեցին, գցեցին փողոց, մնացածի աշխատավարձերն էլ 500 դրամով բարձրացրեցին. դա՞ է օպտիմալացումը։ Մենք տարածք չենք ունեցել, անընդհատ դիմել ենք պետությանը, որ մեզ տարածք տան։ Վերջապես դա իրականացել էր, հազիվ ուրախացել էինք, որ վերջապես փորձասենյակներ էինք ունենալու, ադմինիստրացիան այնտեղ էր լինելու, խմբերը միավորվելու էին, աշխատելու, մտածում էինք արդեն վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին, երբ տարածքը քաղաքապետարանը մեր ձեռքից վերցրեց։ Երեւի չեն ուզում տարածքի հարցը լուծեն, «կացնային» մոտեցում են ցուցաբերում։ Բայց թող մեզ հանգիստ թողնեն, մենք իրենցից տարածք չենք ուզում։ Թող կենտրոնը մնա, մենք մեր ուժերով կաշխատենք, մեր գլուխը կպահենք»:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում