Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան. «Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իրավիճակի փոփոխությունը նաեւ կհանգեցնի Եվրամիության կողմից որակապես ավելի նոր մոտեցումների». «Հրապարակ»

Մարտ 01,2019 12:17

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանից հետաքրքրվեցինք, թե երբ կվավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից CEPA-ի՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Այս պահին, հիշեցնենք, ԵՄ 5 անդամ երկրներից միայն մի քանիսն են վավերացրել այն։

– Մենք այս պահին Եվրամիությունից որեւէ ֆինանսական աջակցություն ակնկալո՞ւմ ենք եւ արդյոք այս 8-9 ամիսներին ստացե՞լ ենք ինչ-որ շոշափելի աջակցություն։

– Դե, գիտե՞ք, ավելի ճիշտ կլինի կոնկրետ թվերի վերաբերյալ գործադիրին հարցեր տաք, բայց, այո, բազմաթիվ ծրագրեր կան, վերջերս հայտարարվեց մոտ 100 միլիոնանոց ծրագրի մասին, վերջերս ԵՄ դեսպան Սվիտալսկին հայտարարեց ուրիշ ծրագրերի մասին, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք առանձին ԵՄ անդամ երկրների հետ են իրականացվում, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք իրականացվում են քաղաքացիական հասարակության հետ՝ դրամաշնորհների տեսքով, այսինքն՝ Եվրամիության հետ մենք ակտիվ աշխատում ենք, եւ կարծում եմ՝ հետագայում այդ ծավալներն ավելանալու են։

– Պարզապես Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ժամանակ հասկացրել էր, որ մեզ Եվրամիության տված փողերը պետք չեն, մեր օլիգարխների գրպանները թափ տանք, ավելի շատ գումար կունենանք։

– Չէ, չէ, եկեք բան չանենք, հա՞, ճիշտ ներկայացնենք էն ժամանակ ինչ որ եղավ։ էն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մինչեւ հեղափոխությունը իքս ծավալով օգնություն էիք տրամադրում, որը շատ լավ է, շնորհակալ ենք։ Բայց հեղափոխությունից հետո տեղի է ունեցել որակական փոփոխություն, եւ համապատասխանաբար նաեւ Եվրամիության աջակցությունը պետք է որակական աջակցություն կրի, եւ մենք այս ուղղությամբ աշխատում ենք։ Եվրամիությունը մեծ կառույց է, եւ էնտեղ շատ ինստանցիաներով պետք է անցնեն, մինչեւ որոշում կայացվի։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իրավիճակի փոփոխությունը նաեւ կհանգեցնի Եվրամիության կողմից որակապես ավելի նոր մոտեցումների։

– Նախկինում շատ էին քննադատում, այդ թվում՝ Ձեր թիմակիցները, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վարում է միակողմանի, ոչ բալանսավորված, հիմնականում պրոռուսական քաղաքականություն՝ նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ-ին մեր անդամակցումը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարում։

– Ես մյուսների փոխարեն չեմ կարող ասել, ես՝ որպես փորձագետ, ժամանակին եւս քննադատում Էի Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, բայց ես նրան ոչ թե քննադատում էի, որ նա պրոռուսական, պրոարեւմտյան կամ պրոինչական քաղաքականություն է վարում, այլ ես քննադատում էի, որ լեգիտիմության պաշար չունենալով՝ նա չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը։ Եվ այս խնդիրն այսօր նոր կառավարությունը չունի։ Իհարկե, կան դժվարություններ, որոնք օբյեկտիվ են եւ որոնք եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած ու մինչ օրս կան՝ կապված հակամարտությունների հետ, մեր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ եւ այլն։ Բայց ամենակարեւոր որակական փոփոխությունն այն է, որ այսօր Հայաստանի իշխանությունը նախ լեգիտիմության մեծ պաշար ունի եւ կախված չէր դրսից։ Նախկին իշխանությունը կախված էր դրսի ուժերից, եւ երկրորդը՝ այսօր նոր իշխանությունը չունի ինչ-որ բիզնես շահեր արտերկրում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031