Ամեն ժողովուրդ յուրատեսակ է նշում գարնան գալուստը: Գարնան գալու հետ կապված ամենքն իրենց հավատալիքներն ու ավանդույթներն ունեն: Բուլղարացիները գարնան առաջին օրը հնուց նշում են որպես տոն, որը կապված է բնության վերազարթոնքի ու Բաբա Մարտայի հետ: Բաբա Մարտան միֆական կանացի կերպար է, որ հանդիպում է բուլղարական բանահյուսության մեջ, նրա անվան հետ կապված շատ առածներ ու հանելուկներ կան: Տոնի առիթով ընկերները եւ ծանոթները միմյանց նվիրում են մարտենիցաներ: Դրանք կարմիր եւ սպիտակ թելերով հյուսված գեղեցիկ թալիսմաններ են, որոնք տղամարդ եւ կին են հիշեցնում եւ խորհրդանշում են կանացի եւ տղամարդկային սկիզբը, պտղաբերությունը: Բուլղարական գարնան այս տոնը ամենասիրելիներից է այդ երկրում: Ըստ հավատալիքի, մարտենիցաները թեւին են կապում, որպեսզի հեռու մնան չար աչքից, լինեն առողջ ողջ տարվա ընթացքում:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.03.2019