Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. «Կեղծ օրակարգը ո՞րն է, որ հասարակությունը պատրաստ չէ՞ հողեր հանձնելուն». «Իրատես»

Մարտ 01,2019 11:56

Տեղի ունեցավ «Հողեր չունենք տալու» կարգախոսով երթ-հավաքը, որի կազմակերպիչները մտահոգություն հայտնեցին ղարաբաղյան գործընթացի զարգացումների ու հայտարարությունների առնչությամբ։ Այս հավաքի գաղափարի հեղինակներից մեկն էլ ազատամարտիկ, հասարակական գործիչ, անկուսակցական ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է, որի հետ «Իրատեսը» զրուցեց այս թեմայի շուրջ։

Այս երթի առնչությամբ հիմնական քննադատությունն այն է, թե ով է հող հանձնում, որ հողեր չտալու համար հավաք են անցկացնում։ Նման բան իշխանությունները չեն հայտարարել, այսինքն` այդպիսի օրակարգ չկա։ Որո՞նք են այն պատճառները, որ Ձեզ հիմք են տալիս հակառակը պնդելու։

-Նախ և առաջ նկատենք, որ հարձակվել են Արշակի (խոսքը Արշակ Զաքարյանի մասին է, որը ևս երթի կազմակերպիչներից է- Ռ.Խ.) վրա, պիտակավորում են, վայնասուն են բարձրացրել։ Հարկ եմ համարում նշել, որ սա մի հոգու գործ չէր, ինքը մենակ չէ, նաև ես եմ, մենք ենք, իսկ մենք շատ ենք ու միասնական:

https://www.facebook.com/100003145188796/videos/2008863222561831/UzpfSTEzMjM5MjYzOTA5NzkwNDE6MjIzMDY1NTM1Njk3MjgwMg/

Անդրադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ բոլորիս հայտնի կեղծ թեզը՝ «տարածքներ՝ խաղաղության կամ անվտանգության դիմաց», բավականին վաղուց է շրջանառության մեջ հայտնվել։ Տարածքների հանձնման մեջ մեղադրում էին նաև նախորդ իշխանությանը, բայց փաստացի այդ հողերը մնացել են, նախորդները չեն հանձնել։ Շատ լավ հասկանում ենք, որ ոչ հող հանձնելը, ոչ էլ վերցնելը գրիչի մի հարվածով չի լինում, դա արյունով է լինում։

Պատահական չէր, որ սկսեցին խոսել, քարոզել ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին։ Որպես պատերազմ տեսած մարդ, ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի։ Առանց սրտաճմլիկ ճառերի, եկեք հասկանանք մի պարզ բան. ազատագրված հայրենիքը մեր սերունդների, ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Հասարակական սեկտորի տարբեր վարձկաններ, սորոսական մանիպուլյատորներ փորձում են ցեխ շպրտել մեզ վրա. բա դուք չե՞ք ամաչում, դուք ծանո՞թ եք մեր անցած ճանապարհին։ Դուք փորձում եք արժեզրկել ազգային գաղափարները, ազգային շահերի դիրքերից հանդես եկող անհատներին եք փորձում վարկաբեկել, վաղը, Աստված մի արասցե, թե կռիվ լինի, ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքները ո՞վ է պահելու…դու՞ք, պատերազմի ժամանակ երկրից թռածնե՞րդ, թե՞ բանակից փախածներդ, ի՞նչ եք անելու։

Հասկանու՞մ եք, որ մարդը չի կարող իր տան դարպասը քանդել, անվտանգությունը պահող մարդկանց չի կարելի զրոյացնել (չնայած չեք էլ կարող, ուղղակի մի փորձեք, «դիշովկայություն» մի՛ արեք, ամոթ է)։ Սրանով քանդում, ավերակ եք դարձնում մեր երկրի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է հող հանձնելուն. բա հանձնելն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ սկսում են սկզբից համոզել, հետո հասարակության շրջանում սկսում են վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանության, մարտական գործողություններին, հետո որոշ սազանդարների միջոցով նույնիսկ զուգահեռներ են անցկացնում մեր ազատագրական պայքարի և Ադոլֆ Հիտլերի նվաճողական քաղաքականության ու պայքարի միջև։ Այսպիսով փորձում են հիմնականում ազդել այն մարդկանց մտածողության վրա, ովքեր դեռ 10 ամիս առաջ հրապարակում հավատում էին իրենց, այդ մարդիկ մերն են, մեր ժողովուրդը, որին լկտիաբար խաբել ու խաբում եք, որոնց համար, ի տարբերություն ինձ և մեզ, պատրաստ չեք եղել կյանք դնելու։ Սրանք խոսքեր չեն, սա կենսագրություն է, չնայած իշխանությունը ձերն է, դուք էլ սիրում եք ափեղցփեղ խոսել։

-Շատերը պնդում են, թե սա կեղծ օրակարգ է, և իշխանությունը չի գնա այդ ճանապարհով։

-Շատ լավ, որ չեն հանձնելու, բայց նրանք պետք է իմանան նաև հասարակության ձայնը։ Կեղծ օրակարգը ո՞րն է, որ հասարակությունը պատրաստ չէ՞ հողեր հանձնելուն։ Ինչո՞ւ են դրանից այդքան սարսափում։ Մեզ չկերակրեն իբր խաղաղության գաղափարներով։ Մենք միշտ էլ խաղաղ ենք եղել, այդ ե՞րբ ենք ագրեսոր եղել։ Մենք երբեք ագրեսոր չենք եղել։ Այսօր ինչպես են ինձ խաղաղություն քարոզում մի ազգի հետ, որը մի գիշերում կարող է մտնել մեր տները, մորթել մոր ու մանկան։ Ասում եք, թե դրանք նախկիններն են եղել, այս թուրքերը չեն։ Բայց նոր սերունդը չէ՞ր Գուրգեն Մարգարյանին կացնահարողը, Քյարամ Սլոյանի գլուխը կտրողն ու գյուղեգյուղ ման տվողն ու ծափահարողը։ Դուք սրանց հետ ասում եք՝ խաղա՞ղ ապրեք։ Այդ խաղաղության կոչերի հասցեատերը Ադրբեջանն է, հավաքվեք ու գնացեք Բաքու` ինքնադրսևորվելու: Իսկ մենք խաղաղ կապրենք, երբ նրանք մեր հայրենիքից հեռու կլինեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Գնացեք Թալիշ ապրեք, այն ժամանակ կհավատանք Ձեր խոսքերին։

  2. Արցախցին ասում ա ՙՙԹուրքի հետ ընկերություն արա, բայց մհակը ձեռքիցդ մի գցիր՚՚: Այնպես, որ տղեն ճիշտ է101 տոկոսով, այդ ե՞րբ է եղել, որ մենք հարձակվել ենք /իսկ եթե ինձնից հարցնեք՝ հենց վատն էլ այստեղ է, պետք չէ սպասել, որ գան մեզնից մեկ երկուսին մորթեն, որ ուժ ու խելք հավաքենք: Как там у Путина? <<Если драка неизбежна, БЕЙ ПЕРВЫМ/:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/01/1024792/?replytocom=1190197#respond

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031