Փետրվարի 27-ին Հանրային ռադիոյի կոլեկտիվը, որը դեկտեմբերին ստորագրություններ էր հավաքում նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հեռացման պահանջով, կրկին ստորագրահավաք է սկսել։ Այս անգամ հօգուտ ռադիոյի տնօրենի թեկնածու Տիգրան Հարությունյանի։ Վերջինս երկար ժամանակ աշխատել է ե՛ւ ռադիոյում, ե՛ւ Հանրային հեռուստատեսությունում, եղել է հաղորդավար, մեկնաբան, վարող։ Իսկ ԱԺ նախընտրական շրջանում զբաղվել է իր ընկերոջ՝ «Իմ քայլից» առաջադրված եւ ընտրված պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հանրային կապերով։ Ասում են, հենց Բաղդասարյանն էլ նրան՝ որպես իր մտերիմի, աջակցում է ռադիոյի տնօրեն ընտրվելու հարցում։
«Ես եղել եմ Նիկոլայի ընդամենը թիմի ղեկավար։ Ընտրություններն ավարտվել են, եւ ես այդ օրվանից նրան չեմ էլ տեսել։ Ինչո՞վ կարող էր աջակցել ինձ պատգամավորը, գոնե փոխվարչապետ լիներ,- մեկնաբանեց Տիգրան Հարությունյանը՝ ծիծաղելով։- Ես շատ պատգամավոր ընկերներ ունեմ՝ ե՛ւ «Իմ քայլից», ե՛ւ ԲՀԿ-ից ու «Լուսավորից»։ Ուրախ ու շնորհակալ կլինեի, իհարկե, եթե աջակցեին, բայց ինչո՞ւ են միայն Նիկոլայ Բաղդասարյանի մասին ասում։ Ֆիլմերն իմ ձայնով են գնացել, ՖԲ էջը ես էի վարում՝ ընդամենը»։
Տիգրան Հարությունյանը պնդում է, որ չունի տեղեկություն իր օգտին կազմակերպվող ստորագրահավաքի մասին։ «Գիտեմ, որ ունեմ մեծ աջակցություն իմ կոլեգաների կողմից, բայց որ ստորագրահավաք կա, ձեզանից առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա։
Մինչդեռ ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը հեռուստա-ռադիոասպարեզի հայտնի գործիչ, հեռուստամեկնաբան Վարդգես Ավետիսյանն է։ Հնարավոր է, որ նա եւս թեկնածուների թվում լինի։ «Դեռ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեմ։ Կանցնեմ, թե ոչ՝ ամեն դեպքում, մենք կուզեինք, որ Տիգրան Հարությունյանն ընտրվի, քանի որ նա ուղնուծուծը ռադիոական է, այստեղ կայացած ու այստեղ հասունացած որպես մասնագետ։ Ամեն դեպքում, եկողը չգա որպես խոպանչի, չհարստանա ռադիոյի հաշվին։ Միայն տեսնեք, թե այստեղ ինչքան շնորհքով երիտասարդներ կան, որոնք աշխատում են չնչին՝ 60 հազար դրամներով»,- ասաց Վարդգես Ավետիսյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Վահե Մինասյանի/Տիգրան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից