Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում Թեհրանում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպում կազմակերպելու մասին, որի ընթացքում կքննարկվի գազի և էլեկտրաէներգիայի բնագավառում գործակցության հարցը: Պայմանավորվածությունը բավականին հնչեղ է, սակայն պետք է նկատի ունենալ և այն, որ այդօրինակ ֆորմատի «ցրցամ» փորձ է արվել տալ դեռևս Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում՝ 2017 թվականին, Վրաստան նրա այցից հետո: Սակայն քառակողմ այդ ֆորմատը կարծես թե որևէ շարունակություն չունեցավ: Իհարկե, չի բացառվում, որ այստեղ դեր ունեցավ, և Հայաստանի ներքին զարգացումները, երբ թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էին բոլորովին այլ հոգսերի տակ և արտաքին որևէ ֆորմատների ժամանակ ու տրամադրություն չունեին, քանի դեռ չունեին սեփական քաղաքական ճակատագրի տեսլական: Ի վերջո, քաղաքականության մեջ չմնացին թե՛ մեկը, թե՛ մյուսը: Արդյո՞ք արդեն նոր իրավիճակում քառակողմ ֆորմատի գործակցությունը կարող է ունենալ նոր հեռանկար և բովանդակություն:
Այստեղ, իհարկե, անկասկած է, որ ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանից: Այդ իմաստով հետաքրքիր է Իրանում ձեռք բերված համաձայնության մանրամասները՝ Ռուսաստանն ու Վրաստանը տեղյա՞կ են այդ մասին, կա՞ նրանց նախնական համաձայնություն, թե՞ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատել այդ ֆորմատի քննարկումների ուղղությամբ: Եվ ի՞նչ մակարդակի մասին է խոսքը՝ առաջնորդների՞, առաջին դեմքերի՞, թե՞ ավելի ցածր գերատեսչական մակարդակի:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի