Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արաքս» շաբաթաթերթը միակ հայկական կողմն էր, որ հրավիրված չէր ՀՀ պատվիրակության հետ կազմակերպված ընթրիքին՝ Արտաշես Թումանյանի կուլիսային կարգադրության հետևանքով. բաց նամակ

Մարտ 01,2019 11:03

Բաց նամակ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ Զոհրապ ՄՆացականյանին,

Ի գիտություն ՀՀ Սփյուռքի նախարարության ժամանակավոր պաշտոնակատարին,

Հայաստանի և Սփյուռքի հայ հանրային կարծիքին

Ուրախ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած Ձեր և Ձեր գլխավորած ՀՀ պատվիրակության պաշտոնական այցը արձանագրեց սպասված և գոհացուցիչ արդյունքներ։ Կրկնակի ուրախ ենք, որ հակառակ բազմաթիվ խանգարիչ հանգամանքների, և՛ Թեհրանում և՛ Սպահանում, անձամբ ականատես դարձանք Իրանի հայության ջախջախիչ մեծամասնության համակրական զգացումները արտացոլող լոզունգներին և ծափողջույներին. համակրական զգացումներ, որ առկա են եղել 2018թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժման ողջ ընթացքում և տևել են մինչև այսօր, շատ անգամ հրապարակային ինքնադրսևորման առիթ չունենալով:

Հարգելի պարոն Վարչապետ,

Մենք (Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը) շուրջ 35 տարի եղել ենք համայնքիս 99% ոչ կուսակցական քաղաքացիների համեստ, բայց ազատ բեմը, փորձելով դառնալ նրանց տեսակետները արտացոլող հայելին: Արտացոլել ենք խտրականության ենթարկված հայացքները, սկսած 25-ամյա ՀՀ թալանից, անարդարություններից, հալածանքներից, անարդար կալանավորումներից, վրեժխնդիր հետապնդումներից, ընտրակեղծիքներից ու կործանիչ արտագաղթից, մինչև իրանահայ համայնքը քայքայման և արտագաղթի հասցրած վերջին տասնամյակների սխալ քաղաքականությունից, համայնքի հսկայական աստղաբանական հարստությունը կուսակցական գանձարանի վերածելուց, եկեղեցին պառակտելուց, մինչև Հայկական հարցը կուսակցականացնելու ամոթալի երևույթից և այլնից:

Հարգաժան ազգընտիր Վարչապետ պարոն Փաշինյան,

Թեև «Արաքս» շաբաթաթերթի ընտանիքը, որ անցած վերջին քանի տասնամյակներին հարատևել է իր սեփական համեստ միջոցներով, զրկված լինելով համայնքի հսկայական «ազգային» կոչված հնարավորություններից, այն ՄԻԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ էր, որ հրավիրված չէր Ձեր և ՀՀ պատվիրակության հետ ո՛չ բաց հանդիսությանը և ո՛չ էլ ի պատիվ Ձեզ կազմակերպված ընթրիքին՝ ՀՀ դեսպան պարոն Արտաշես Թումանյանի կուլիսային կարգադրության հետևանքով:

Երեքշաբթի, փետրվարի 26-ին, ինձ հետ հեռախոսազրույցում պարոն Թումանյանը բառացիորեն հավաստիացնում էր, որ Թեհրանի հայ համայնքի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդական հանդիպումից բացի, որևէ այլ միջոցառում նախատեսված չէ, ու նաև, որ որևէ մեկ կողմի հրավեր ուղղված չէ, ինչը չէր համապատասխանում իրականությանը։

Մենք, իհարկե կարող էինք լուռ անցնել այս տգեղ, անընդունելի և շատ անգամ կրկնված արարքից, մանավանդ, որ «Արաքս» շաբաթաթերթի ընտանիքը, հակառակ նշված մեքենայության, և չլինելով հրավիրյալների առաջին շարքում,  լիովին ներկա էր ՀՀ ազգընտիր պատվիրակության ժողովրդական հանդիպմանը, որի վառ ապացույցը ծափողջույններով և չդադարող զորակցության լոզունգներն էին: Սակայն ազգային պարտքի զգացումը ու նաև այլ համայնքներում նման աններելի սխալի չկրկնվելու մտահոգությունից կատարում ենք այս արձանագրությունը, որպեսզի այսուհետ որևէ դեսպան չհամարձակվի, ոտնահարելով իր պետական ներկայացուցչի հանգամանքը, չարաշահել իր պաշտոնը, այս կամ այն կողմի հետ խաղեր անելով:

Կրկին ողջունելով ՀՀ պատվիրակության այցը Իրան, միջպետական հարաբերություններում մաղթում ենք առավել բեղմնավոր նոր ժամանակաշրջան, իսկ Իրանի հայ համայնք-ՀՀ հարաբերությունների առողջացման սկիզբ։

Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Թեհրան, 29 փետրվարի 2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ափսոս այս տարի փետրվարը 29 օր չունի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031