Այսօր Բուխարեստում Եվրամիության խորհրդի ռումինական նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ կընդունեն Արևելյան գործընկերության ՙԹվային տնտեսություն՚ խորագրով 3-րդ նախարարական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն թվային տնտեսության համար պատասխանատու ԵՄ նախարարներն ու նրանց գործընկերներն Արրևելյան գործընկերության վեց երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հանդիպումը նպատակ ունի օժանդակել տարածաշրջանում թվային ոլորտում համագործակցության խորացմանը:
Հանդիպման շրջանակներում սպասվում է, որ ԵՄ-ն ու գործընկեր վեց երկրները ներկայացնող նախարարները կստորագրեն հռչակագիր, որով կհանձնառեն նվազեցնել Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի սակագները՝ հիմնվելով մինչև 2020 թվականը տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ համագործակցության հստակ ճանապարհային քարտեզի վրա:
Միասնական թվային շուկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը միջոցառմանն ընդառաջ իր ուղերձում ասել է. «Թվային տնտեսությունը դեռևս չիրացված ներուժով և էական նշանակություն ունեցող բնագավառ է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ գործընկեր երկրների համար՝ քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Այսօր մեր Արևելյան գործընկեր երկրները կարևոր քայլ են արել վերջիններիս շրջանում ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Սա իրական ազդեցությամբ մեկ կոնկրետ քայլ է, սակայն խիստ կարևոր է աշխատանք տանել թվային բոլոր ուղղություններում, ներառյալ՝ տվյալների հոսքերն, անվտանգությունը և նորմատիվ պահանջների համաձայնեցումը՚:
Նախարարական հանդիպումը հնարավորություն կտա արձագանքել ոլորտում առկա այլ առանցքային մարտահրավերներին: Վերջերս գործարկված EU4Digital նախաձեռնությունը կնպաստի այդ բնագավառներում ԵՄ-ի ու նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը: Սա կհանգեցնի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընտրության ընդլայնմանը, ինչպես նաև՝ անձնական տվյալների ավելի արդյունավետ պաշտպանությանը: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, առևտրի խթանմանն ու զբաղվածությանը: Գործող ընկերություններն ավելի արագ աճ կգրանցեն, իսկ նոր ընկերությունների ստեղծման գործընթացն առավել կհեշտանա:
Նախարարական հանդիպումը հետևողական է 2017 թվականի նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ԵՄ-ի, նրա անդամ պետությունների ու Արևելյան գործընկերության վեց երկրների ստանձնած հանձնառությանը՝ շոշափելի օգուտներ ապահովելու տարածաշրջանի երկրների քաղաքացիների համար` հիմնվելով չորս առաջնահերթ ուղղություններին (ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ կապ, ավելի ուժեղ հասարակություն) առնչվող «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հստակ աշխատանքային ծրագրի վրա:
Հայաստանում ԵՄ պատվիրակություն