Ես զարմանում եմ, երբ որոշ գործիչներ կամ մեկնաբաններ կոչ են անում չքաղաքականացնել «մարտի 1-ի» ողբերգությունը: Այդ կոչի մեջ չկա, իմ կարծիքով, տրամաբանություն, որովհետեւ այդ ողբերգությունը քաղաքական իրադարձության, ավելի կոնկրետ՝ կեղծված ընտրությունների ուղիղ հետեւանք էր: Ուրիշ հարց, որ քաղաքական ուժերը պետք է մինչեւ վերջ անկեղծ լինեն եւ ընդունեն, որ ընտրությունների կեղծման մեխանիզմը ստեղծվել էր 1995 թվականից, եւ այդ պահից սկսած գործընթացն ուղեկցվում էր բռնություններով: Քաղաքացիների մեծամասնությունը չէր ուզում, որ 1996-ին վերընտրվի Տեր-Պետրոսյանը, այնուհետեւ՝ որ երկու անգամ ընտրվի Քոչարյանը, դրանից հետո՝ որ երկու անգամ ընտրվի Սերժ Սարգսյանը, բայց հիշյալ գործիչները «զոռով» գալիս էին իշխանության, ու այդ «զոռովը» բերում էր ընտրությունների արդյունքներից դժգոհ զանգվածի եւ իշխանությունը պաշտպանող «ուժայինների» այս կամ այն ուժգնության բախմանը: Պարզապես Քոչարյանը՝ իրեն հատուկ դաժանությամբ եւ քինախնդրությամբ, անցավ բոլոր սահմանները. նրա ձեռքը, այսպես ասած, չդողաց, երբ խոսք էր գնում մարդկային կյանքերի մասին: Հենց դա՛ է պետք մեղսագրել երկրորդ նախագահին (իրավական ձեւակերպումը չգիտեմ), ոչ թե «սահմանադրական կարգի տապալումը»՝ մեղադրանք, որն ինձ, խոստովանեմ, չի համոզում:
Եթե քաղաքական բոլոր ուժերն անկեղծ լինեն, ապա նրանք կփորձեն իսկապես օբյեկտիվորեն, անաչառ կերպով քննել «մարտի 1»-ի, ինչպես նաեւ 1995 թվականից սկսած բոլոր նմանատիպ իրադարձությունները, մասնավորապես 2004 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելը (նույն Քոչարյանի ձեռագիրն էր), եւ այդ դեպքում կբացահայտվի նաեւ ընդդիմության բարոյական եւ քաղաքական պատասխանատվությունը: Թե չէ մինչեւ հեղափոխությունը Հ1-ով ցուցադրվում էին նյութեր, որտեղ ողջ մեղքը բարդվում էր ընդդիմության վրա, իսկ հիմա ցուցադրվում է «Կորսված գարունը»՝ ճիշտ հակառակ մոտեցումով: Պաշտոնական տեսակետը եւ, համապատասխանաբար, Հ1-ի դիրքորոշումը փոխվում է, միակողմանիությունը՝ մնում: Իհարկե, բոլոր նման դեպքերում չկա սիմետրիա՝ իշխանության պատասխանատվությունը տասնապատիկ ավելի մեծ է, բայց, միեւնույն է՝ չկան հրեշտակներ եւ հրեշներ: Ի դեպ, կոնկրետ «մարտի 1-ի» գործով անհրաժեշտ է, կարծում եմ, չսպասելով ՄԻԵԴ-ի որոշումներին, բացահայտել այն ապօրինությունները, որոնք գործել են քննչական մարմինները եւ դատական համակարգը՝ ազատազրկելով ընդդիմության ակտիվիստներին:
Գրեթե ամեն տարի մարտի 1-ին տալիս եմ մի հարց՝ որքանո՞վ է իրավաչափ 2008 թվականի մարտի 2-ի Քոչարյանի հրամանագիրը արտակարգ դրություն հաստատելու մասին, հատկապես կետը, որով փաստացի 20 օրով արգելվել է ազատ լրատվամիջոցների գործունեությունը: Բայց այդ հարցը քաղաքական շրջանակներին, հավանաբար, այնքան էլ չի հուզում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հանրապետության քաղաքացիների կամակատար «օրգան»-ը (օրենսդիր մարմնամասը) եւ կատարողական «օրգան»-ը (գործադիր մարմնամասը) առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջական գնահատականի ժամանակ «չեն ունենա»:
Ընտրյալներին համապատասխանող ընտրազանգվածը դեռ դալար է:
Դուխո՜վ դեպի Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Մարտունի՛ արձան…
Ինձ համար ցանկացած իշխանություն կասկածելի է, երբեք փայտը ձեռքիցս վայր չեմ դնում, ինձ համար Խորհրդային Միության փլուզումը եւ այսօրվա Հյուսիսի ժողովրդի ողբալի վիճակը համոզել է, որ քաղցր խոսքերի տակ ինչ որ դավադրություններ կան եւ երբ ուզում եմ ուրախանալ ու հպարտանալ, մատս կծում եմ ու ասում եմ սպասի, կարճ ասած, մարդը տեսածից է վախենում, Խորհրդային Միությունը աչքիս լույսը չէր, բայց հզոր պետություն էր, ցանկացած պետականության փլուզումն է այլանդակ ու վտանգավոր երեւույթ, իսկ դրա միակ պատճառը ուրիշ ազգերի հատուկ ծառայությունների կամակատար լինելն է, թող մարդ սխալներ գործի, առանց դրա չի լինում, բայց մենակ թե ուրիշի, նույնիսկ բարեկամ ազգի կամակատարը չլինի, ուրիշի կամաատարները երկիրը կքանդեն, մեր նախկին իշխանությունների զզվելի հատկանիշն էր թույլ, ոչ ինքնուրույն գործելակերպը: Իշխանությունները թող իրենց հետնորդներին դաստիարակեն, որ երբ ի վիճակի չլինեն դիմադրել դրսի ուժերին, հրաժարական տան ու իրենց մարդկանց նշանակեն պաշտոնի: