Իրանի զանգվածային լրատվության տպագիր և էլեկտրոնային միջոցները և արտասահմանի պարսկալեզու ԶԼՄ-ները անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցելությանը:
ՀՀ պատվիրակությունը Թեհրան հասավ 27 փետրվարի առավոտյան, երբ արդեն ԻԻՀ-ի նախագահ պրն Ռոհանին մի քանի ժամ առաջ մերժել էր իր կաբինետի արտաքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը և պրն Զարիֆը ներկայացել էր նախագահական պալատ՝ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության դիմավորելու համար: Օրվա առաջին ժամերին Իրանի եթերը ողողված էր Զարիֆին վերաբերող լուրերով և հիմնականում միայն երեկոյան ժամերից ռեպորտաժներ հայտնվեցին ՀՀ վարչապետի իրանում ունեցած բանակցությունների կապակցությամբ: Իրանի ռադիո-հեռուստատեսության բոլոր կայանները Հայաստան-Իրան բանակցություններին անդրադարձան իրենց հիմնական թողարկումների բաժնում՝ շեշտը դնելով Խամենեի-Փաշինյան կարևոր հանդիպման վրա: Արձագանքներն ավելի շատացան 28 փետրվարի առավոտյան մամուլում, այսպես.
Համարյա բոլոր թերթերը, այդ շարքում «Իրան», «Քեյհան», «Էթելլաաթ», «Ջոմհուրի Էսլամի», «Շարղ», «Համշահրի», «Մառդոմ սալարի», «Արման», «Ջավան», «Ջահան սանա՝թ» և «Աֆթաբ Յազդ» օրաթերթերն իրենց առաջին էջերում տեղադրել են ՀՀ վարչապետի Իրան այցի և հեղափոխության առաջնորդի հետ ունեցած հանդիպման լուրը և լուսանկարը. նրանք անխտիր կերպով ընտրել են հետևյալ խորագիրը. Հեղափոխության առաջնորդը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ի հեճուկս ԱՄՆ ցանկության, մենք պետք է ամուր և բարեկամական հարաբերություններ ունենանք» և կամ «ԱՄՆ-ն բոլոր տեղերում պատերազմ, սադրանք և խռովություն է ստեղծում»: Մամուլում առայժմ չկան մանրամասնություններ կամ վերլուծություն:
Իրանի այդ օրը ԶԼՄ-ներին հետաքրքրող մյուս նյութերը վերաբերում են Զարիֆի անվան շուրջ ստեղծված անցուդարձերին, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցություններին, երկրի ջրի պաշարների անկմանը և ՖԱԹՖ-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնաբանել են նաև արտասահմանի պարսկալեզու ԶԼՄ-ներից՝ ԲԻ ԲԻ ՍԻ-ի պարսկական բաժինը, «Ռադիո ֆարդա»ն և «Մանոթո»հեռուստաալիքը:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ