Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարություններով, այլ կայացված դատավճռով»

Մարտ 01,2019 16:00

«Առավոտի» զրուցակիցն է «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը

-Իշխանությունը մտադիր է մարտի 1-ին երթ անցկացնել։Այդ քայլը քննադատվեց Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների կողմից. Կարծիք կա, որ «մարտի 1»-ը դառնում է հասարակական ջրբաժան, մինչդեռ ջանքերը պետք է ուղղվեն հասարակության միասնականությունը պահպանելուն։ «Մարտի 1»-ին երթ անցկացնելու իշխանության քայլը, արդյոք, առավելապես PR-ի նպատակունի, թե՞այլ ասելիք եւ այլ խորհուդ կա այս ամենում։

-Անկախ ամեն ինչից մարտի 1-ը ջրբաժան է։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, եւ հնարավոր չէ արհեստականորեն փոխել դրա այդպիսին լինելու բնույթը։ Հասարակության միասնականություն ասվածն էլ միֆ է։ Չկա նման բան ու չի էլ կարող լինել։Նման միասնականություն լինում է միայն կարճ ու կոնկրետ ժամանակահատվածում եւ մեկ առանձին վերցված հարցի շուրջ։ Այդպես կարող է լինել մեծ ու լուրջ արհավիրքների ժամանակ կամ պատերազմական իրավիճակներում։ Այն չի կարող լինել համատարած ու մշտական։ Այս միֆի տակ ոմանք ցանկանում են մեկընդմիշտ թաղել իրենց սեփական անցյալը, որ մարդիկ չհիշեն, չանդրադառնան դրան, մոռացության մատնեն այն։ Եւ առաջին հերթին, իհարկե, որպես իրենց կենսագրության արյունոտ հատված ցանկանում են մոռացության մատնել մարտի 1-ը։ Բայց այն, բոլոր ջանքերից անկախ, ոչ մոռացվելու է եւ ոչ էլ թաղվելու է։ Մարտի 1-ը մեր նորագույն պատմության, եւ ոչ միայն նորագույն պատմության, ամենադրամատիկ դրվագներից մեկն է, եթե ոչ՝ ամենադրամատիկը եւ այն չի կարող մի կողմ դրվել։ Հնարավոր չէ շարունակել մեր կյանքն առանց մարտի 1-ի։ Անգամ, եթե մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվի, անգամ, եթե բոլոր շեշտերն իրենց տեղը դրվեն, կազմակերպիչները, մասնակիցները, կատարողները, մի խոսքով՝ բոլոր մեղավորները կանգնեն արդարադատության առաջ, կայացվեն դատավճիռներ՝ միեւնույնն է, մարտի 1-ը մեր իրականության մեջ շարունակելու է որպես սահմանագիծ մնալ։ Այն շարունակելու է ապրել։ Այն չի մոռացվելու երբեք եւ ոչ մի պարագայում։ Երթի կազմակերպմանը նորմալ եմ վերաբերվում, դրա մեջ PR չեմ տեսնում։ Լավ է, որ այն կազմակերպում են իշխանությունները։ Սրանով նրանք ուզում են ասել, որ այսուհետ մարտի 1-ի տերը, մարտի 1-ին նախորդած, բուն մարտի 1-ին եւ դրան հաջորդած հանցագործության ողջ շղթայի բացահայտման պահանջատերը եւ գլխավոր շահառուն պետությունն է, այլ ոչ թե կամ ոչ միայն հասարակության այն հատվածը, որ տարիներ շարունակ այդ օրը երթ ու այլ միջոցառումներ է կազմակերպել։ ։

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «մարտի 1»-ը բացահայտված է։Կիսու՞մ եք այդ կարծիքը։Ռոբերտ Քոչարյանին «մեղավոր նշանակելով», ինչպես երկրորդ նախագահի պաշտպանական կողմն է բնութագրում, հարցը փակվո՞ւմ է։

– Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, թե մարտի 1-ը բացահայտված է։ Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարություններով, այլ դատական գործընթացով եւ կայացված դատավճռով/դատավճիռներով։ Ինձ համար մարտի 1-ի բացահայտում նշանակում է, որ դատարանի առաջ են կանգնում կազմակերպիչները, իրականացնողները եւ սրանց հարակից հայտնի եւ ոչ հայտնի բոլոր գործակիցները։ Երբեք չեմ մտածել ու չեմ էլ մտածում, թե ծանրագույն այդ հանցագործության պատասխանատուն կարող է լինել մեկ մարդ։ Բայց դեռ գործը դատարան չի հասել եւ մենք շատ բան չգիտենք։ Ավելի առարկայական կլինի խոսակցությունը, երբ մենք կիմանանք ավելին, քան գիտենք։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը, երեւի, շատ ավելի տեղեկացված է եւ գուցե ունեցած տեղեկությունները նրան նման հայտարարություն անելու հնարավորություն տալիս են։ Ինքս համբերատար դատավարությանն եմ սպասում։ Միայն դրա ընթացքում ու դրա ավարտին է գործի բացահայտման կապակցությամբ հստակ գնահատականներ հնչեցնելու ու նախաքննությանը որակումներ տալու հնարավորություն լինելու։

– Երկրորդ նախագահի գործով դատավարությունն ինչպե՞ս կգնահատեք։Նրան առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի խախտում, արդյոք հիմնավորում է իր պաշտպանների տեսակետը, որ այս գործը քաղաքական է։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում է, որ 0038 հրամանի մասին ապատեղեկացրել են։ 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա եւ որ հրամանը տրվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից։ Ռոբերտ Քոչարյանը չի տեղեկացվել, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում հենց այդ հրամանն է։

– Այս գործում ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում։ Այն կապված չէ Ռոբերտ Քոչարյանի ծավալած քաղաքական գործունեության հետ։ Ավելին, մինչեւ իր նկատմամբ այս գործի հարուցումը, մինչեւ մեղադրանքի առաջադրումը Քոչարյանը քաղաքական գործունեություն չի ծավալել ու երկրում ընթացող քաղաքական գործընթացների մեջ որեւէ կերպ ներգրավված չի եղել։ Այլ խնդիր է, որ կալանավորումից հետո նա կարող է նման գործունեություն ծավալել կամ ներգրավվել նման գործընթացներում։ Բայց դրանից նույնպես չի բխի, թե այս քրեական գործը նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակ է հետապնդում։ Իսկ ինչ վերաբերվում է մեղադրանքին, ապա պետք է կարդալ մեղադրական եզրակացությունը իմանալու համար, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված Քոչարյանին, թե 0038 հրամանից բացի էլ ինչեր կան այնտեղ։ Պարզ է, որ 0038 հրամանով բանակը ներգրավել են քաղաքական գործընթացների մեջ, պարզ է, որ անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցույցի նկատմամբ, պարզ է որ կրակել ու մարդկանց են սպանել, պարզ է որ խանութների թալան ու հրկիզումներ են կազմակերպել, պարզ է, որ ընտրությունները կեղծվել են, պարզ է, որ անմեղ մարդկանց, հիմնականում ընդդիմության թեկնածուի վստահված անձանց, շինծու ու մտացածին մեղադրանքներով տարիներ շարունակ կալանավորված են պահել, պարզ է, որ այս ամենը մեկ կենտրոնից է կազմակերպվել ու հրահանգավորվել։ Մնում է, որ անկախ ու անաչառ դատարանը հիմնավորի մեղադրանքը եւ տա այս եւ այլ հարցերի պատասխանները։ Եթե դատարանը չի կարողանա հաստատել եւ ապացուցել այն ամենը, ինչ նախաքննական մարմինը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին, ինչը բոլորովին չի բացառվում, ապա նա հանգիստ խղճով դատարանի դահլիճից կարող է տուն գնալ եւ, եթե ցանկանա՝ անկաշկանդ մասնակցել քաղաքական զարգացումներին։

– Օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար է վերադարձրել պետությանը։ Թե վերադարձն ինչպե՞ս է ձեւակերպվել, պարզ չէ, բայց նման գործընթացները հնարավորություն տալի՞ս են սրբագրվել նախկին մեղքերից։ Սա կարելի՞ է որակել անցումային արդարադատության տարրերից մեկը, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ հեղափոխությունից հետո։

– Այս դրվագը անցումային արդարադատության հետ կապ չունի։ Որքան հասկացա ԱԱԾ ղեկավարի խոսքից, այս գործընթացը տեղի է ունեցել հարուցված քրեական գործի շրջանակներում։ 30 միլիոնից մի հատված գանձվել է որպես տույժ եւ տուգանքներ, իսկ մնացած հատվածը Սարգսյանը վճարել է որպես վնասի հատուցում՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Իշխանական համապատասխան կառույցները այս կապակցությամբ պետք է հստակ ու միանշանակ՝ տարընթերցումների տեղիք չտվող հայտարարություն տարածեին։ Հակառակ դեպքում մինչեւ վերջ պարզ չի դառնում, թե ինչու՞ է մարդն այդքան գումար փոխանցել պետությանը։ Տնտեսական հանցագործությունների դեպքում նման լուծումը ես նորմալ եմ համարում։ Խոսքը միայն Սարգսյանի կամ սարգսյանների մասին չէ։ Եթե կամայական մեկը պետությանը կամ ֆիզիկական անձին նյութական վնաս է հասցրել, ապա նա, կարծում եմ, կարող է վնասը վերականգնել եւ խուսափել տարիների ազատազրկում նախատեսող դատավճռից։ Սա բոլորովին էլ չի նշանակում սրբագրում։ Չի նշանակում անմեղություն։ Սա մի կողմից արդարության վերականգնում է, իսկ մյուս կողմից՝ մարդասիրական մոտեցում։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031