Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Սեւակի փողոցում թափառող շներն անվերահսկելի են

Մարտ 01,2019 15:30

Մինչդեռ նրանց գոնե պետք է վերահսկեին, մինչեւ որ քաղաքապետարանը նոր կազմակերպություն կհիմնի ու նրանցով կզբաղվի

Երեք տարի է Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեի բնակիչները ահազանգում են, որ տարածքում գազազած շներ կան, որոնք հարձակվում են բնակիչների վրա: Սակայն այդ հարցերով զբաղվող վարչական շրջանի պատասխանատուները բնակիչների բարձրացրած հարցն անտեսում են: Տարածքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շներն այստեղ այնքան են բազմացել, որ ոհմակներով են շրջում: Ոհմակով էլ այս ու այն կողմ են գնում, որպեսզի կեր հայթայթեն: Շների կերակրատաշտերից մի քանիսը Սրտաբանական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող Պարույր Սեւակի փողոցի երկայնքով տեղակայված աղբամաններն են: Նրանք հիմնականում Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի այգում են ապրում: Փողոց բարձրանալու համար, սակայն, շենքերի տարածքով են անցնում` վախեցնելով բնակիչներին, որոնց թվում երեխաներ էլ կան: Շներին տարածքից հեռացնելու խնդրանքով գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարությունն էլ է մի քանի անգամ դիմել, բայց զբաղվող չի եղել: Շները շատ հաճախ կենտրոնի աշխատակիցների վրա էլ են հարձակվում:

Բնակիչների պատմելով՝ մարդ տեսնելիս շները գազազում են, գռմռում, անգամ հարձակվում: Թափառող շների թիրախում են հատկապես տոպրակներով առեւտուր արած մարդիկ, որոնք ձեռքներին սնունդ են տուն բերում: Հոտն առնելուն պես, բնակիչների խոսքերով, միանգամից մի տասը շուն վրա են հասնում:

Երկար տարիներ թափառող կենդանիների հարցով մայրաքաղաքում զբաղվել է «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը, որի աշխատանքի արդյունավետությունը տարբեր կազմակերպություններ բավականին ցածր էին գնահատում` դատելով ընկերության ծախսած մեծ գումարներից ու կենդանիներին վնասազերծելու ոչ ժամանակակից մեթոդներից:

Երեւան քաղաքի նոր իշխանությունը սակայն թափառող կենդանիների դեմ պայքարելու նոր գործելաոճ է ստանձնել: Այդ մասին Երեւանի ավագանու վերջին նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը, որը ներկայացնելով մայրաքաղաքում թափառող կենդանիների հետ կապված իրավիճակը՝ ասաց թափառող շների տեսակն ավելացել է եւ դարձել ավելի ագրեսիվ: Նրա խոսքով, այս խնդիրը լուծելու երեք տարբերակ կա. մեկը՝ ոչնչացնել էգ շներին, ինչը, պարոն Հակոբյանի համոզմամբ, համարվում է անհնարին եւ անթույլատրելի, մյուս տարբերակն այն կլինի, որ կենդանիների համար սննդի աղբյուրներ հանդիսացող վայրերը վերացնեն, ինչը իրատեսական չէ եւ երրորդ տարբերակը՝ որսալ, ամլացնել եւ վերադարձնել նույն միջավայր, ինչն, ըստ մասնագետների, ամենաարդյունավետ միջոցն է:

Խաչիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ թափառող կենդանիների վնասազերծման համար կստեղծվի Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն:

Նաեւ ասաց, որ ծրագիրը մշակվել է քաղաքապետարանի կողմից ՀԿ-ների հետ համատեղ: Հարցի առնչությամբ, ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը առաջարկել էր այս ընթացքում վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի տուժողներ չլինեն:

Սակայն այս առումով Պարույր Սեւակի բնակիչները որեւէ փոփոխություն չեն նկատել. շները ինչպես որ շրջում էին իրենց տարածքում, այդպես էլ ազատ շրջում են, հարձակվում ու վախեցնում:

Լ. Բ.

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031