Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյանը դատարանով տեղեկատվություն է պահանջում

Մարտ 01,2019 14:30

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն ստանալու տեղեկություններ՝ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ունի նաեւ օրենքով, Հիմնադրամի կանոնադրությամբ կամ Հիմնադրամի խորհրդի միաձայն որոշմամբ սահմանված այլ իրավունքներ։ Այդպե՞ս է:

«Ճարտարապետական եւ շինարարական կրթության աջակցման» հիմնադրամի Հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Թոքմաջյանը 2017թ. մայիսի 11-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Ճարտարապետական եւ շինարարական կրթության աջակցման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանի` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով:

Հայցվոր Լեւոն Թոքմաջյանի ներկայացուցիչն է Սոնա Գուլքանյանը, պատասխանող Գուրգեն Մինասյանի ներկայացուցիչը՝ Գեւորգ Գեւորգյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել էր, որ մինչ դատարան դիմելը, Լ. Թոքմաջյանը դիմել է պատասխանող հիմնադրամի տնօրեն Գուրգեն Մինասյանին եւ խնդրել է տրամադրել հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություններ պարունակող հետեւյալ փաստաթղթերի պատճենները՝

«1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2014-2017թթ. բոլոր ժողովների եւ որոշումների արձանագրությունները,

2. Հիմնադրամը, ըստ տարիների, 2014-2017թթ. ինչ ֆինանսական միջոցներ է ստացել, դրանք ում է տրամադրել եւ ինչ հիմքերով,

3. Հիմնադրամը, ըստ տարիների, 2014–2017թթ. ինչ նվիրատվություններ է ստացել, դրանք ում է տրամադրել եւ ինչ հիմքերով»։

Ըստ դատարան ներկայացրած «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ստացված հարցման պատասխանի՝ պատասխանողը ստացել է հայցվորի դիմումը 2017թ. ապրիլի 28-ին:

Սակայն կողմը պատասխան չէր ստացել:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են։ Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ արձանագրության մեջ նշվում է նիստի օրակարգը:

Վերոհիշյալ օրենքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ։

Ի դեպ, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր Է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին։

Հայցվոր կողմը հղում էր կատարել նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասին, համաձայն որի՝ «գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

1. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում.

2. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում.

3. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Հայցվորի տեղեկացմամբ, պատասխանողն իր այս պարտականությունը նույնպես չի կատարել, ինչով առանց որեւէ հիմքի սահմանափակել է հայցվորի՝ որպես Հիմնադրամի հիմնադրի եւ հոգաբարձուների խորհրդի անդամի, Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրեց Հիմնադրամին պարտավորեցնել Լեւոեւ Թոքմաջյանին տրամադրել Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկություններ պարունակող հետեւյալ փաստաթղթերի պատճենները.
Պատասխանող կողմը խնդրել էր դատարանից մերժել հայցապահանջը:

Մասնավորապես, հայտնելով, թե՝ «հայցվոր Լեւոն Թոքմաջյանը չի ներկայացրել որեւէ թույլատրելի ապացույց առ այն, որ հանդիսանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Հայցվոր կողմի ներկայացրած կիսատ եւ առանց պատշաճ վավերացման կանոնադրությամբ ընդամենը կարող է հաստատվել, որ նա հանդիսանում է Հիմնադրամի հիմնադիր, բայց ոչ խորհրդի անդամ»։

Հղում կատարելով Հիմնադրամի կանոնադրության 4.2 կետով սահմանված կարգին, պատասխանողի ներկայացուցիչը նշել էր. Հիմնադրամի խորհուրդը բաղկացած է 11 անդամներից։ Հիմնադրամի խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները. «Նկատի ունենալով, որ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվել է խորհրդի կազմավորման կարգ, ուստի հայցվորի Հիմնադրամի հիմնադիր հանդիսանալու հանգամանքր դեռեւս չի նշանակում, որ վերջինս հանդիսանում է նաեւ Հիմնադրամի խորհրդի անդամ»։

Ըստ պատասխանողի, եթե հայցվոր Լեւոն Թոքմաջյանը հանդիսանում է Հիմնադրամի խորհրդի անդամ, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայցվորը առնվազն 4 տարի (2014թ., 2015թ., 2016թ., 2017թ.) տեղյակ չէ հիմնադրամի գործունեությունից, արդյո՞ք առնվազն 4 տարի որեւէ առաջարկություն ներկայացրել է Հիմնադրամի խորհրդի նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ, նախապատրաստել եւ Հիմնադրամի խորհրդի քննարկմանը ներկայացրե՞լ է որեւէ հարց, առաջարկություն կամ որոշման նախագիծ, որպիսիք խորհրդի անդամների համար սահմանված են հենց հայցվորի վկայակոչած «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 221–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով։

Բացի այդ, հայցվորը պահանջում է նաեւ տրամադրել փաստաթղթերի պատճենները, մինչդեռ ինչպես «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ կանոնադրությամբ սահմանված չեն ինչպես խորհրդի անդամի՝ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ ստանալու իրավունք, այնպես էլ հիմնադրամի եւ/կամ նրա տնօրենի ցանկացած փաստաթուղթ տրամադրելու պարտականություն։

Ինչ վերաբերում է պահանջվող տեղեկատվությանը, ապա այն, ի կատարումն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի պահանջների, յուրաքանչյուր տարի Հիմնադրամը հրապարակել է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Առաջին ատյանը մերժել է տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցապահանջը՝ անհիմն լինելու պատճառով: Փետրվարի 21-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը Լեւոն Թոքմաջյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1915/02/17 քաղաքացիական գործով 26.09.2018 թվականի վճիռը եւ գործը ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031