Լենինականի ջազ-ռոքի տատիկը
Կիսով չափ հույն, բայց Լենինականում ծնված-մեծացած Լյուդան քաղաքի երաժշտական պատմության ամենավառ դեմքերից է, 60-70-ականներից սկսած՝ լավագույն համերգներն ու դիսկոտեկները ինքն է կազմակերպել ու վարել: Աշխատել է Շիրակ հեռուստաընկերությունում, TM եւ «Շանթ» ռադիոկայաններում: Ունեցել բազմաթիվ հեղինակային հաղորդաշարեր: Որոնց հիմնական նպատակն էր բոլորին տալ հնարավորություն` լսել լավ երաժշտություն: Երբ ինքն ու իր ընկերներն ունեին լավ երաժշտություն լսելու կարիք, իրենց ոչ միայն ոչ ոք չէր օգնում, այլ հակառակը՝ արգելում ու հալածում էին:
«Ես էլ եմ զարմանում, թե ինչպես ձեւավորվեց ռոքի, ջազի հանդեպ սեր մի ժամանակահատվածում, երբ պարզապես արգելվում էր լսել նման երաժշտություն: Դպրոցական էինք, երբ նոր-նոր սկսել էին ձեւավորվել լենինականյան ռոք խմբերը: «Անգին քարերն», օրինակ, դպրոցական առաջին ռոք խմբերից էր, որտեղ նվագում էին իմ դասընկերները: Մենք փախչում էինք դասերից, մասնակցում փակ, թաքուն համերգներին, որովհետեւ մենք սիրահարված էինք իրենց, իրենց երաժշտությանը: Մենք սիրահարված էինք այդ հույզերին ու դրայվին»,-ասում է մեր զրուցակիցը:
Տիկին Լյուդմիլան ծիծաղով հիշում է, թե քանի-քանի անգամ կոմերիտականները խաթարել են համերգները. «Իմանում էին` որտեղ ենք, մեկ էլ համերգի թեժ պահին հայտնվում էին ու սկսվում էր քաոսը: Փախչում էինք, թաքնվում զուգարաններում: Բայց միշտ հասցնում էին մի քանիսին բռնել»։ Կոմերիտականներն ամենաշատն էին ճնշում այլախոհներին, բայց գործից անմասն չէր մնում նաեւ հասարակության այն բեւեռը, որի համար խորթ էր հայ երիտասարդի` ռոքն ու ռոքնռոլը սիրող տեսակը եւ այն կերպարը, որով նրանք հայտնվում էին հասարակության մեջ: «Մեզ նայում էին որպես դավաճանների: Նրանք չէին հանդուրժում, օրինակ, որ ես կարճ մազերով աղջիկ եմ, հագնում եմ ջինսե կամբինիզոն, եւ ընկերություն անում երկար մազերով կիթառահար տղայի հետ: Տղաների վրա շատ էին հարձակվում, որ կտրեն մազերը: Իսկ մեզ տեսնելիս սուլում էին»,-ասում է Լյուդան։ Հավելում է. «Եթե մարդու ներաշխարհն ամուր է, ինքը չի կարող վախենալ ոչնչից: Իսկ մենք մեր աշխարհը կառուցել էինք Ռեմարկի, Բրեդբերիի, Ենգիբարովի հայացքները հիմք ընդունելով: Մենք, որպես կանոն, ընդունել էինք Rolling Stons-ի երգերը, որոնք ասում էին` հեռացեք մեր երկնքից, մենք չենք ենթարկվում»։ Չենթարկվելով հանդերձ, նրանցից շատերը ստիպողաբար դպրոցից հետո ընդունվում էին քաղաքում գործող երկու ինստիտուտներից մեկը` Պոլիտեխնիկական կամ Մանկավարժական: Սովորում էին ստիպված, բայց ստիպված աշխատել՝ երբեք:
«Ես մանկավարժ էի, բայց սկսել էի աշխատել մեր նորաբաց դիսկոտեկում: Մայրս խնդրում էր, որ թողնեմ, իր կարծիքով, էդ անպատվաբեր գործը, ուսուցիչ աշխատեմ, առաջարկում էր կրկնակի աշխատավարձ տալ իր կողմից: Շատ խնդրեց, որոշեցի փորձել: Գնացի Սառնաղբյուրի դպրոց, ժամ չէր անցել, երբ ես դեպի քաղաք եկող ճանապարհին էի` ոտքով: Ես փախչում էի, ուղղակի փախչում. դա իմը չէր»,-հիշում է նա։ Պատմում, թե ինչպես է վերադարձել նախկին գործին:
«Համալսարանում էի, երբ Կոմերիտականները հրաման տվեցին բացել դիսկոտեկ: Մենք չգիտեինք դիսկոտեկն ինչ էր, բայց քանի որ կապ ուներ երաժշտության հետ, առանց չեմուչումի համաձայնեցինք: Որպես դիսկոտեկի լավագույն օրինակ, մեզ տարան Երեւան` Պոլիտեխնիկականի դիսկոտեկը ցույց տալու: Դա մեր փոքրիկ համերգների տեխնիկապես հագեցված տեսակն էր: Ասացինք՝ տվեք մեզ տեխնիկա եւ մենք ամեն ինչ կանենք»,-շարունակում է տիկին Լյուդմիլան։ Որպես Dj իր առաջին քայլերը հենց այդտեղ է արել: Շուտով նորաբաց Երիտասարդական պալատը դարձավ ժամանցի լավագույն կենտրոնը: Երաժիշտ ընկերներից մեկը պատմում է, թե ինչպես ռոքնռոլի սիրահար աղջիկը մի օր բարձրաձայն հայտարարեց, որ կամուսնանա այն տղայի հետ, որը մի ամբողջ երգ իրեն հավասար ռոքնռոլ կպարի. «Բայց ով ուներ այդքան համարձակություն, ոտք մեկնել նրա հետ…»։
Տիկին Լյուդան այժմ մենակ է ապրում, բայց իրեն մենակ չի համարում. «Ինձ համար չկա մենակություն, երբ ես ունեմ Beatles, Pink Floyd, հիմա հաճախ նաեւ Բախ, Մոցարտ…»: Ինչպես երիտասարդության տարիներին, հիմա էլ տիկին Լյուդային ավելին պետք չէ, բավական է միացնել սիրելի երաժշտությունն ու կտրվել աշխարհից: Ինքը հաճախ է էդպես անում, հատկապես, երբ հարեւաններից որեւէ մեկը որոշում է ռաբիս երաժշության տակ մի ամբողջ օր քեֆ անել: Տիկին Լյուդայի առավոտը սկսվում է սիրելի հեծանիվով, նա ամեն օր հասնում է մոտակա գյուղ ու հետ գալիս, միայն թե շատ վաղ, որովհետեւ մարդիկ հիմա էլ դրան են տարօրինակ նայում, իսկ երեկոները նվիրված են գրքերին։ Հիմա գիտաֆանտաստիկ գրականություն է կարդում, դրանք մտածելու, երեւակայելու նոր հնարավորություն են տալիս: Իսկ մինչեւ վերջերս օրվա հիմնական մասը տրամադրում էր իր գրքի`«Ջազ-ռոքային Լենինական»-ի ստեղծմանը: Գիրքը յուրահատուկ տարեգրություն է, որ ներառում է 1964-1988 թվականներին ստեղծագործած ջազ եւ ռոք խմբերի մասին տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ եւ լուսանկարներ. «Ես վաղուց էի ուզում հավաքագրել լուսանկարները, որոնք շատ շատ էին, պարզապես ցրված ու կորչելու ենթակա: 15 խումբ, որոնց անդամները մեկը մեկից տաղանդավոր տղերք էին, որոնք, ցավոք, մեկը մյուսի հետեւից հիվանդանում ու մահանում են: Ես էլ չգիտեմ` ինձ համար ինչ է նախատեսված, դրա համար պետք էր շատ շուտ իրականացնել էդ ցանկությունս: Պետք էր հիշողություն թողնել, ի վերջո նրանք մեր երաժշտական պատմության մասն են եղել»։
Գիրքը տպագրվել է, եւ մեծ մասը նվիրվել է երաժշտական հաստատություններին: Գրքի հետ մեկտեղ տիկին Լյուդան նվիրել է նաեւ այն հարուստ ձայնադարանը, որոնք ձեռք բերելու համար ժամանակին ծախսել է ամիսներով հավաքած գումարն ու կյանքի լավագույն տարիները. «Հազար սկավառակի էր հասել հավաքածուս։ Մենք դրանք գնում էինք Լենինական եկած ախպարներից `թաքուն, մի կերպ հավաքելով գումարը։ Շատ խնամքով էի պահել, բայց ժամանակն էր դրանք նվիրելու, որովհետեւ էլի եմ ասում, մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ կլինի վաղը»։ «Ինչ էլ լինի, բնական է, կյանքն ավարտուն երեւույթ է,- ասում է տիկին Լյուդան,- իսկ մինչեւ ավարտը պետք է հասցնել ապրել: Ու ապրել ոչ թե գումարելով օրերը, այլ մեկ առ մեկ դրանք վայելելով»:
ԱԻԴԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
28.02.2019