Այն քայլերին, որոնց Փաշինյանը պետք է դիմեր իր հայտարարած հեղափոխությունից հետո, հայտարարում է այսօր
Երկու շաբաթ առաջ բացելով գործադիրի նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ հանրությունը ընկալել է տնտեսական հեղափոխության կառավարության բանաձեւը:
Կառավարության հնգամյա ծրագիրը խորհրդարանում քննարկելուց հետո, պատգամավորները 88 կողմ, 40 դեմ ձայներով հավանության արժանացրին այն: «Քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության, քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձեւը, մեր կոնցեպտը: Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ուզում եմ տարանջատել Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից», -ասաց Փաշինյանը:
Վարչապետն այնուհետեւ առանձնացրեց մի շարք հանձնարարականներ, որոնք իջեցվեցին պետական գերատեսչություններին: «Առաջինը, վերանայել մինչեւ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում… Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը», -նշեց Փաշինյանը:
Անցյալ շաբաթ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականացնել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է. «Տնտեսական հեղափոխությունը, ըստ այդմ, մեր կարեւորագույն առաջնահերթությունն է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: «Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետեւյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը», – ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց՝ տնտեսական հեղափոխությունը «դուխով մարդկանց աշխատանք է»։ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։
Փաշինյանն, այսպիսով, եւս մեկ անգամ հռչակեց տնտեսական հեղափոխության կարգախոսը. «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»։ Նա փաստացի տնտեսական ուղերձ է հղել՝ քաղաքական հրաշքի հասած ժողովրդի համար տնտեսական հրաշքը եւս հասանելի է։
Փաշինյանն, ակնհայտորեն, Հայաստանով հետաքրքրված պոտենցիալ ներդրողներին թե՛ դրսի, թե՛ երկրի ներսում, ՀՀ քաղաքացիներին ասում է, որ տնտեսական հրաշքի մեկնարկը տրված է, քանի որ ՀՀ կառավարությունը սկսում է իրականացնել այնպիսի մի քաղաքականություն, որտեղ՝ «տնտեսական հաջողությունները պայմանավորված են ե՛ւ կառավարության, կամ իշխանության գործունեությամբ, ե՛ւ մեր քաղաքացիների եւ բիզնեսի մասնակցությամբ»:
Մի կողմից Փաշինյանը ձգտում է վստահություն ներշնչել ՀՀ քաղաքացուն, որպեսզի ՀՀ քաղաքացին ինքնուրույն գնա այդ փոփոխությունների, մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն գնով արվելու է տնտեսական հեղափոխությունը՝ անգամ «թուքումուր» ուտելով:
Այն քայլերին, որոնց Փաշինյանը պետք է դիմեր իր հայտարարած հեղափոխությունից հետո, փաստացի հայտարարում է այսօր։ Դա ոչ միայն քարոզչական հնարք է, այլեւ իրական օգնության կանչ միջազգային հանրությանը, Հայաստանի գործընկեր պետություններին, միջազգային կազմակերպություններին, պոտենցիալ ներդրողներին, որի նպատակը Հայաստանի նկատմամբ ուշադրություն ու հետաքրքրություն հրավիրելն է։
Մյուս կողմից՝ այդ օգնության կանչը վկայում է այն մասին, որ անցյալ տարի տեղի ունեցած «քաղաքական հեղափոխությունից» հետո իրական քայլեր տնտեսության զարգացման ուղղությամբ չեն իրականացվել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.02.2019