Փաստաբան Հովսեփ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին (լուսանկարում), որի հրաժարականն ամիսներ շարունակ պահանջում է բնակիչների մի մասը, մի քանի մեղադրանքներ են առաջադրվել.
1 Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում,
2 Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում,
3 Կազմակերպված խմբի կողմից շորթում,
4 Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առեւանգում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
5 Առանձնապես խոշոր չափերի շորթում,
6 Պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Զարզանդ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Նրան այնպիսի հակասական մեղքեր են վերագրում, որոնք որեւէ կերպ փաստարկված չեն: Հիմնավոր կասկածի տեսանկյունից անգամ փաստարկված չեն, ապացույցները բացակայում են: Եղած փաստական տվյալներն էլ խոսում են նրա անմեղության մասին: Նրան մեղադրում են մի արարքի կատարման համար, որի հետ նա շահ չուներ եւ չէր կարող ունենալ, օրինակ՝ գույքի մասին է խոսքը, որը տարիներ հետո այլ անձի սեփականություն է դարձել»: Գրիգորյանի պաշտպանը տեղեկացրեց, որ վերը թվարկված մեղադրանքները քսան եւ ավելի տարվա վաղեմություն ունեն:
«Գործով շահագրգիռ անձի ինքնությունը եւ վարքագիծը թող ստուգեն ու հարցնեն, թե ինչու է նա տարիներ շարունակ լռել այդ մասին: Վերջիվերջո, անմեղության կանխավարկած գոյություն ունի, որն անտեսել են: Իմ պաշտպանյալն ասում է, որ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Եղել են առնչություններ, իսկ թե ինչ մակարդակի վրա, նա այդ մասին ցուցմունք չի տվել եւ չի ուզում տալ: Դրա համար կան պետական մարմիններ, թող պարզեն, թող օրենքը գոնե հիմա աշխատի: Այս ամենն արդարադատության հետ աղերս անգամ չունի»,-վարույթն իրականացնող մարմնի գործողություններին այսպիսի գնահատական տվեց Հովսեփ Սարգսյանը:
Իսկ թե ովքեր են Զարզանդ Գրիգորյանի դեմ ցուցմունք տված անձինք, պաշտպանն ասաց, որ այս փուլում մանրամասներ բացահայտել չի կարող. «Ժամանակագրական առումով ինչ-որ բաներ համընկնում են, բայց դեռ պետք է պարզել՝ դրանք պատահականությո՞ւն են, թե օրինաչափություն»:
Հավելենք, որ Զարզանդ Գրիգորյանը ԶԼՄ-ների հետ զրույցներում քանիցս հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Մանվել Գրիգորյանի հետ եւ տեւական ժամանակ է՝ չեն շփվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ