Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը

Փետրվար 28,2019 21:50

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշավախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու  դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:

«Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից  վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական /չվնասված/ գտածո չկար:

Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորված են արդյունքներից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա կհավաքվեր: Մասնագիտական հմտության ու բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում նրանք կարողացել են «մասնիկներից»  ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ  բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը:

«Անշուշտ կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որ  հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող  առարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը:

Նրա փոխանցմամբ լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթից  նիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբ  մասխիլ /մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել/:  Տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվող  ստուկեղը /40 սմ երկարությամբ ու 40 սմ  լայնությամբ/:

«Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող  նյութի  հետ», -նշում է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը:

Ներսես Մամիկոնյանը  աշխատել է մետաղի առարկաների հետ: Նրա խոսքով յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլ  առանձնահատուկ խնամք ու  հոգատարություն են պահանջում:

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Զորաց քարեր հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել:

«Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը:

Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են` հերթական համար ու մասնագիտական նկարագրություն /բնութագիր/  ստանալուց հետո դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728