«Նիկոլ Փաշինյանը երբեք իր քաղաքական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության հենքով առաջ չի մղել»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «ԼՂ հիմնախնդիրը ներքաղաքական դիսկուրսում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նա ներկայացրեց «Ղարաբաղյան հակամարտությունը որպես Հայաստանում ներքաղաքական մրցակցության գործոն – 2018» վերտառությամբ զեկույցը, վերջերս իրականացված հետազոտության ուշագրավ դիտարկումները 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրանց մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում ու քարոզարշավում Արցախյան հակամարտությանը գործոնի վերաբերյալ:
Նա տեղեկացրեց՝ ստեղծել են տվյալների շտեմարան, անցկացրել ընտրությունների հետ կապված ավելի ընդարձակ մեդիամոնիտորինգ՝ վեց ռեյտինգային օնլայն լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների շրջանում: Հետազոտել են կոնկրետ ընտրությունների հետ կապված նաև քաղաքական ուժերի ֆեյսբուքյան հարթակները՝ հասկանալու համար, թե ով, ինչ քարոզչական գծեր էր տանում:
Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ հետաքրքրվածությունը հայ հանրության մեջ միշտ բարձր է եղել և ղարաբաղյան հակամարտության ֆունկցիոնալությունը գոնե դիսկուրսի մակարդակում բավականին զգայուն է եղել: Ըստ նրա՝ միանշանակ չի կարելի ասել, որ այն նույնքան զգայուն ու ազդեցիկ է եղել իրական ներքաղաքական զարգացումների և օֆլայն հարթակներում:
Լաուրա Բաղդասարյանը հիշեցրեց՝ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն ղարաբաղյան հակամարտության հիմքով. «Դա տեղի է ունեցել 1998-ին, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի աշնանը հանդես եկավ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու՝ իր ծրագրով և կոնցեպտով: Դրան հաջորդած 1998-ի ընտրությունները չդարձան իշխանափոխության պատճառ, այլ այդ ընտրությունները պարզապես ձևակերպեցին այն իշխանափոխությունը, որը տեղի էր ունեցել իշխանական մակարդակում: 1998-ի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»:
Դառնալով ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ Լաուրա Բաղդասարյանն ասաց. «Ղարաբաղյան հակամարտությունը ներկայիս վարչապետի քաղաքական պայքարի կամ քաղաքական հայացքների առանցքում որպես թեմա և պայքար մղելու գործիք առաջնային չի եղել: Ուրիշ պատմություն էին այս արտահերթ ընտրությունները: Դրանց ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեման իսկապես աննախադեպ օգտագործվել է որպես ներքաղաքական պայքարի շատ ռադիկալ գործողություն, որպես ընտրազանգվածի վրա ազդելու գործիք: Ղարաբաղյան հակամարտության թեմայով ընթացել են բավականին կոշտ խաչաձև բախումներ վերբալ մակարդակում: Այս գործընթացում, այս բանավեճերում վեր են հանվել մի շարք այնպիսի աննախադեպ թեմաներ, որոնց մասին երբեք ընդունված չի եղել խոսել հայկական բաց հարթակներում: Եթե եղել են քննարկումներ, ապա դրանք ընթացել են կամ փակ մասնագիտական շրջանակներում, կամ հրապարակվել են առանձին վերլուծական հոդվածների տեսքով»:
Հիշեցմանը՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ այն կուսակցությունները, որոնք Արցախի հարցը դարձրել էին առանցքային, խորհրդարանում չհայտնվեցին, օրինակ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և Սասնա ծռերը և հարցին՝ արդյոք հանրությունը պատասխան չտվե՞ց այդ կուսակցություններին նաև, որ այս հարցը մրցակցային գործոն դարձնելը պահանջարկված չէր, Լաուրա Բաղդասարյանը պատասխանեց. «Դեմ եմ այն մոտեցմանը, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել որպես հանրաքվեի արդյունք այս կամ այն կուսակցության առաջ քաշած թեզի նկատմամբ: Մյուս կողմից շատ լավ գիտեմ, որ հանրության համար ղարաբաղյան հակամարտության ընկալումներն առանձին պատմություն են, որոնք քիչ կապ կարող են ունենալ ներքաղաքական պայքարի հետ: Լսարանի վերաբերմունքը և հետաքրքրվածությունն Արցախի հետ կապված սյուժեներով, արտահայտված հայտարարություններում միանշանակ բարձր չի եղել: Մենք չնայած բողոքներին, այնուամենայնիվ, զգայարանների մակարդակով ունենք առողջ հասարակություն: 2005-ի անգամ սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրության ընկալումները, դիտարկումները ղարաբաղյան հակամարտության առանձին պատմություն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA