Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «ՀՀ-ն գտնվում է ռիսկային գոտում: Այս հարցը օր առաջ պետք է լուծվի»

Փետրվար 28,2019 20:55

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ գրանցվել է 6.1% տնտեսական աճ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար այս ցուցանիշը լավ է, թե՝ վատ, չի կարող ասել, բայց տպավորիչ է:

Տնտեսագետի կարծիքով՝ մի կարեւոր բան պետք է հաշվի առնել՝ նախորդ տարիների ու այս տարիների տնտեսական աճի տարբերությունն էական է՝ ազդեցության տեսանկյունից. « 7.5% աճ ունեինք 2017 թվականին, բայց չեմ կարծում դա էական ազդեցություն ունեցավ քաղաքացիների կյանքի վրա:
Կոմիտեն իր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշներում գյուղատնտեսության ցուցանիշները չի հրապարակել. դրանք եռամսյակը մեկ են հրապարակվելու: Խաչատրյանի կարծիքով՝ եթե անգամ հրապարակեին էլ, ապա դժվար թե 6.1% տնտեսական ակտիվությունը կավելանար. «Նախորդ ու ներկա թվերի հետ կապված մի հանգամանք կա՝ օբյեկտիվությունը: Նախորդ տարիներին, ինձ համար միանշանակ է, որ թվերի հետ միշտ խաղ են արել»:

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա համեմատ, արդյունաբերությունում անկում է գրանցվել, շուրջ 0.4%: «Արդյունաբերության անկումը կապված է հանքարդյունաբերության հետ, սա միանշանակ է՝ Թեղուտի չի շահագործվում, Ալավերդու ձուլարանը կանգնել է»,-նշեց Խաչատրյանը:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը եւս անկում է գրանցել՝ 26.7%: Խաչատրյանն այս առնչությամբ ասաց՝ մի ենթադրություն կա է՝ կարելի կապել հանքարդյունաբերության հետ, բայց էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի նվազումը ուսումնասիրության կարիք ունի:

Ըստ վիճակագրական կոմիտեի, ներմուծումը նվազել է 3.3%, արտահանումը եւս նվազել է՝ 15.8%: Տնտեսագետի խոսքերով՝ արտահանման կառուցվածքը պետք է ուսումնասիրել, այդ ցուցանիշները շուտով կհրապարակվեն.«Բայց ես նվազումը կապում եմ, որ նախորդ տարվա բազան ուռճացված կարող է լիներ: Անցյալ տարվա միտումն այն էր, որ ներմուծման տեմպերը սկսեցին ավելի արագ աճել, քան արտահանման, սա վտանգավոր երեւույթ է»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա տնտեսագետն այն կարծիքն է, որ դրանք պետք է դիտարկել ամբողջ տարվա ցուցանիշներով, որոնք առաջիկայում կհրապարակվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ կոմիտեի, շինարարությունը այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի համեմատ, 22.1% աճ է գրանցել, ծառայությունների ոլորտում՝ 15.6%:
Aravot.am-ի հարցին՝ տնտեսական հեղափոխության նախադրյալները կա՞ն, օրինակ մշտապես շեշտվում է՝ մրցակցային ազատ պայմաններ են, կոռուպցիայի դեմ անողոք պայքար է գնում, եւ այլն, Խաչատրյանն այսպես արձագանքեց.«Հիմա եթե մրցակցային հավասար պայմաններն են, եւ խաղի կանոնները բոլորի համար հավասար, արդյոք դա նշանակում է, որ ձեռնտու է բիզնես անել Հայաստանում: Բայց մի ավելի կարեւոր հանգամանք կա՝ ռիսկայնություն: Հայաստանի հանրապետությունը գտնվում է ռիսկային գոտում: Վարդան Օսկանյանի այն հայտնի թեզը, թե՝ հարյուր տարի էլ շրջափակման մեջ լինենք՝ կարող ենք դիմակայել: Դա չաշխատող թեզ է: Պետք է կարողանանք մի օր առաջ այդ հարցը լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ իր կարծիքով խոցելի դրույթներին, տնտեսագետը նշեց ակցիզային հարկի բարձրացմանը, մասնավորապես՝ գազավորված շաքար պարունակող ըմպելիքների հարկի շեմի բարձրացմանը: Տնտեսագետի խոսքերով՝ ինչո՞վ է սա պայմանավորված. «Եթե դա ռազմավարական նպատակով է, ապա խնդրին հակառակ լուծում է տալիս: Որովհետեւ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հարստացեք եւ հարստացրեք, հիմա այն մարդիկ, որոնք հարստանում են, չեն թողնում հարստանան, ասում են՝ սկզբում մեզ հարստացրեք, մեզ շատ հարկեր տվեք, բայց դուք մի հարստացեք: Խոսքը գազավորված ու շաքար պարունակող ըմպելիքների մասին է: Կա համաշխարհային ինչ-որ մոտեցում շաքարի դեմ: Ես դեմ եմ դրան եւ նաեւ ծխախոտի դեմ այդ պայքարին: Հասարակության մեջ պետք է մթնոլորտը ստեղծել ոչ թե արգելքներով, այլ ընդհանրապես, որպես երեւույթ: Հիմա որոշել են օրենքներով, չգիտեմ՝ ինչպես կհաջողվի»:
Ըստ տնտեսագետի, 5%-ով բարձրացնում են գազավորված ըմպելիքների հարկատեսակը, բայց այստեղ հարցն այն է, թե ի՞նչ նպատակով են անում.«Գրում են՝ հանրային առողջության պահպանման նպատակով: Բայց իրականում լուծվում է զուտ ֆիսկալ խնդիր:Կկառավարության մեջ կա՝ ֆինանսական եւ զարգացման թեւեր: Ֆինանսականն ասում է՝ ինձ փող է պետք , որպեսզի կարողանամ 3 միլիարդանոց բյուջեն ապահովեմ, աշխատավարձ տամ, թոշակ տամ, մյուս թեւն էլ ասում է՝ երբ դու հավաքում ես՝ զարգացում չի լինում»:

Խաչատրյանը օրինակ բերեց ցեմենտի ու ամրանների արտադրության ոլորտը եւ նշեց՝ այս երկու ապրանքների ներմուծման համար լրացուցիչ հարկ են սահմանում. «Ինչո՞ւ է լրացուցիչ հարկ դրվում, ասում են՝ որովհետեւ ներքին արտադրողների խնդիր կա, 2 հազար աշխատող կա, սոցիալական հարցեր կան, կներեք, բա մյուս ոլորտները՝ շինարարությունը, բիզնեսը, ներդրումները: Գուցե շինարարության տեմպերը ավելացել են, որովհետեւ Իրանից ավելի մատչելի եւ որակով ցեմենտ են ներկրում: Նույնը ամրաններին է վերաբերում, որի համար էլ են ուզում փոփոխություն անել, ու ներմուծման համար լրացուցիչ հարկ սահմանել: Բայց չէ որ սրանից օգտվում է շինարարության ոլորտը, որը 22% աճ է ապահովել: Այսինքն՝ եթե այս առօրեական խնդիրները դառնան գերակշռող կառավարության համար, եկեք այսօրվանից հայտարարենք, որ մոռանում ենք տնտեսական հեղափոխության մասին: Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Փաշինյանը, երբ խոսեց, նման մոտեցումներ չկային: Ասաց ցեմենտի դեպքում հարկ է ավելացվում, բայց սա հանկարծ չդառանա սովորական բան, տեղական արտադրողները թող մտածեն նոր տեխնոլոգիաների մասին: Հակառակ դեպքում կգան գյուղատնտեսությունում աշխատողները եւ կասեն՝ ներկրվող գյուղապրանքների վրա լրացուցիչ հարկ սահմանեք: Այս դեպքում ուղղակի գյուղապրանքներ արտադրողների հետ պետք քննարկվի, պետք է հասկանալ ինչ խնդիր ունեն, որ իրացման խնդիր է առաջանում՝ ջուրը, վարկը, պարարտանյութը: Եթե այս մոտեցումներով չենք առաջնորդվում՝ լավ վիճակում չենք հայտնվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728