Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ներկայացուցիչը արձագանքել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարություններին

Փետրվար 28,2019 21:21

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:

ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը անբավարարվածության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական սկզբունքներով կառավարվելուց և ամենավերջին երկիրն է աշխարհում, որ իրավասու է խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին, քանզի հազարավոր լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ակտիվիստներ, ակադեմիայի ներկայացուցիչներ և Թուրքիայի ներկայիս կառավարության ընդիմախոսներ գտնվում են բանտում կամ աքսորված են:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ շեշտվեց, որ եթե Ադրբեջանը անկեղծ է տարածաշրջանում ճշմարտություն և արդարություն հաստատելու իր նպատակներում, ապա սեփական կեղծված պատմությունը, այսպես կոչված` «Խոջալուի իրադարձությունները» ներկայացնելու փոխարեն, պետք է անդրադառնային Սումգայիթում հայերի կոտորածներին, որոնք ազդարարեցին Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի ջարդերի և էթնիկ զտումների սկիզբը: Կեղծ զոհերի չափազանց և արհեստական ուռճացումը լավագույն միջոց չի ծառայում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:

Ելույթի ավարտին ընդգծվեց, որ ավանդական հակահայկական քարոզչություն իրականացնելու փոխարեն Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դեմ այն ուժով պայքարում է իր կազմավորման օրվանից ի վեր: Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728