Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցինք՝ ինքը երբ վարչապետի կաբինետ է մտնում, իր հետ նվեր տանո՞ւմ է՝ ոսկե կուլոն, խաչ, ականջօղ եւ այլն:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց, որ ստիպված է անվտանգության միջոցներ ձեռնարկել, որ իր կաբինետ նվերներ չտանեն:
Օսիպյանը պատասխանեց, թե ինչի՞ պիտի տանեմ. «Նախեւառաջ վարչապետը այդպիսին չի՝ որպես անձնավորություն, որպես նվեր ընդունող, երկրորդը՝ ոստիկանապետն էլ այն անձնավորությունը չի, ճանաչելով…կամ ինչի՞ համար: Իմ նվերը ընդամենը բարեխիղճ ծառայությունն է»:
Սասնա ծռերի գործին անդրադառնալով՝ լրագրողները հարցրեցին՝ Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ իր համբերության բաժակը լցվել է, «Սասնա ծռերից» էլ ասում են, որ բողոքի ակցիաներ են լինելու, դուք համաներման հարցով առարկում էիք, պնդելո՞ւ եք ձեր տեսակետը՝ Օսիպյանը պատասխանեց.
«Ես պնդել եմ եւ ենթակա չի փոփոխման: Հարցը Ժիրայր Սեֆիլյանը չէ, ով ուզում է լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում, ոստիկանությունը ՀՀ-ում կարող է, տիրապետում է, դա չի նշանակում, որ եթե մի քանի հոգի փողոց է փակում, ոստիկանությունը չի կարող բացել: Մենք կարող ենք ընդամենը հաշված րոպեների ընթացքում այդ ամենը բացել եւ վերականգնել երթեւեկությունը, վստահեցնում եմ ձեզ: Որեւէ մեկը ՀՀ-ում կարգ խախտի՝ կարժանանա ՀՀ օրենքի սահմաններում գնահատականի»:
Օսիպյանն ասաց, որ իրենք ինֆորմացիա ունեն, տիրապետում են իրավիճակին. «Որեւէ մեկը կարգ խախտի, էլ չեմ ասում սահմանադրական կարգ փորձի խախտի, կարժանանա համապատասխան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ