Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է Օսիպյանը փռել ասֆալտին. Ոստիկանապետը՝ ոստիկանապետության, Լիսկայի որդու, Լեւոն Սարգսյանի գործերի մասին

Փետրվար 28,2019 19:55

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, խոսելով ոստիկանությունում օպտիմալացման մասին, ասաց, որ պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներն են, բոլոր ծառայություններում է սպասվում: Նա ասաց, որ ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակետային ծառայության գնդի հիմքում հնարավոր է 2020-ի հունվարից պարեկային ծառայություն լինի, այսինքն, երկու ստորաբաժանումները հնարավոր է միավորվեն:

Հարցին՝ հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ ոստիկանների թիվը գաղտնի չի պահվելու, սա նոր Հայաստանն է, ժողովուրդը պետք է իմանա, թե քանի ոստիկանի է պահում իր հարկերով, բայց 10 ամիս անցավ, այդ թիվը գաղտնի է, քանի՞ ոստիկան կա հիմա: Օսիպյանն արձագանքեց, թե ո՞վ է ասում, որ գաղտնի է, հասարակության անվտանգությունն ապահովող ոստիկանների թիվը շուրջ 9000 է:

Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, ասում էր,որ սա ոստիկանապետություն է, ուստի հարցին՝ այդ 9000 հազար ոստիկանի համա՞ր էր նման բան ասում՝ Օսիպյանը պատասխանվեց, որ «ոստիկանապետության հանգամանքը չեմ կարծում, որ թվաքանակից է կախված, կարող է լինել հազար ոստիկան ու լինի ոստիկանապետություն ու կարող է լինել հարյուր հազար ոստիկանություն, բայց չլինի ոստիկանապետություն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ասֆալտին փռելու գործընթացը ո՞ր փուլում է, դա նախընտրական շրջանում կարծես ավարտվեց ու հիմա էլ չեք փռում: Օսիպյանը պատասխանեց. «Այնպես չի, որ մենք քնում, արթնանում ենք, ասֆալտին փռելու մասին ենք մտածում: Դա այնպիսի գործընթաց է՝ եղել է, կա, լինելու է՝ ելնելով տվյալ իրավիճակից»: Նա ասաց, որ վերջերս եղել է ասֆալտին փռելու դեպք: Թե որն է այդ դեպքը, ում են փռել ասֆալտին՝ Օսիպյանը պատասխանեց. «Կդիմեք՝ կասենք»:

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ ամռանը գործ էր հարուցվել, այդ գործով ոստիկանության թերացումը չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում, գործընթացը այնպիսին է, որ ժամանակ է պահանջում: Հնարավոր է դեպք լինի, որ անհրաժեշտություն լինի արագ բացահայտել, դանդաղելը վնասում է, կա դեպք, որ հակառակն է, շտապելը վնասում է: Այնպես չի, որ որեւէ մեկը հետախուզման մեջ է գտնվում, անսահման տեւողությամբ կարող է գտնվել, շուտ թե ուշ ինքը կհայտնվի: Իմ պաշտոնավարման ընթացքում 1992 թվականի սպանություն ենք բացահայտել՝ 27 տարի անց»:

Հարցին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ Լեւոն Սարգսյանի տեղը գիտեն, ինչո՞ւ աշխատանք չի տարվում ու չեն բերման ենթարկվում, Օսիպյանը պատասխանեց. «Այնպես չի, որ ոստիկանությունը չի տիրապետում, կան հանգամանքներ, որ կախված չի Հայաստանից ու ոստիկանությունից, կախված է տվյալ պետությունից, որտեղ գտնվում է հետախուզվողը ու շատ ժամանակ գործի է դրվում անձնական հարաբերություններ կոնկրետ ոստիկանապետ, խնդրելով, դիմելով եւ այլն»: Հարցին՝ հիմա գիտե՞ք որտեղ է գտնվում Լեւոն Սարգսյանը՝ նա պատասխանեց. «տիրապետում ենք»: Օսիպյանը վստահեցրեց, որ աշխատանք են տանում՝ արտահանձնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728