Օրերս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այցելել է Մալաթիայի, Մաշտոցի ոստիկանություն, ու ոստիկանության տարածած տեսանյութից երեւում էր, որ Օսիպյանը բարկացած էր:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ վրա էր այդքան բարկացած, որ մատ էր թափ տալիս, ի՞նչ խախտումներ էին արել: Օսիպյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, հավատացեք, այնպես չի, որ տրամադրվածություն է եղել հանրությանը ցույց տալ, որ ոստիկանապետը բարկանում է: Դա ստացվեց պահի տակ: Կան թերություններ ու թերությունների շրջանակներում էր իմ բարկությունը»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ժամանակին ոստիկանները գործի չանցան, որ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը փախուստի մեջ է ու այդ գործը ո՞ր փուլում է գտնվում: Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը գործին մասնակից է եղել այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր, որ ոստիկանությունը մասնակցեր: Օպերատիվ փնտրողական աշխատանքներ են իրականացվում, ես չէի ցանկանա բարձրաձայնել»: Նա նաեւ չասաց՝ Արամ Հարությունյանը երկրո՞ւմ է, թե՞ ոչ:
Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների, ոստիկանությունը նախարարություն դարձնելու մասին՝ Օսիպյանն ասաց, որ այդ հարցի որոշողն ինքը չի, բայց իր կարծիքով, ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է ու ճիշտ է, որ այդպես էլ մնա: Թե այս դեպքում խորհրդարանը կկարողանա՞ վերահսկել ոստիկանության աշխատանքը, չէ՞ որ ոստիկանությունը հաշվետու չէ ԱԺ-ին՝ Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն, ոստիկանությունն այսօր գործում է թափանցիկ՝ օրենքի շրջանակներում, եթե ոստիկանությունը մի բան ուզենա անի՝ կանի եւ նախարարության կազմի մեջ»:
Մեր հարցին՝ այսինքն, նախարարությունները, որոնք վերահսկվում են, մի բան անո՞ւմ են՝ Օսիպյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ, որ որպես ուժային կառույց ոստիկանությունը այսպես թե այնպես թափանցիկ է հանրությանը, կառավարությանը, բոլորին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ