Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ տեւեց մոտ 2 ժամ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Օսիպյանը հարցին, թե դո՞ւք եք եղել այն պաշտոնատար անձը, որին Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսը զանգահարել է: Օսիպյանը պատասխանեց. «Չեմ հասկանում ինչի մասին է խոսքը գնում: Ինձ որեւէ մեկը չի զանգահարել, որեւէ մեկը ինձ նմանատիպ տոնով չի կարող զանգահարի, վստահեցնում եմ ձեզ»:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անունով ու ըստ մամուլի հրապարակումների, զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, թե՝ Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես…»:
Թե երբ Նարեկ Սարգսյան-Գոնսալեսին կբերեն Հայաստան, կարտահանձնեն՝ Օսիպյանը չգիտի, ասաց, որ ոստիկանությունից դա չի կախված, իրենք իրենցից ինչ հասնում էր՝ արել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ