Եկատերինբուրգի բնակիչ Գևորգ Ավետիսյանը, որը հունվարին այրվող տնից փրկել էր երեք երեխաների, հայտարարել է, որ իրեն ու իր ընտանիքին տեղի իշխանությունները վտարում են տնից: Ի պատասխան շրջանային վարչակազմից հայտնել են՝ տունը, որտեղ ապրում էր Ավետիսյանների ընտանիքը, համայնքային սեփականություն է, և նրանք այնտեղ ապրելու իրավունք չեն ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալությունը պարզել է, որ Գևորգը կնոջ՝ Տատյանայի և հինգ երեխաների հետ ապրում էր երկսենյականոց բնակարանում: Նախկինում այդ տունը պատկանել է այն ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Տատյանայի պապը, իսկ հետո անցել է համայնքային սեփականությանը:
«Մենք չենք էլ իմացել, որ 20 «քառակուսու» վրա գրանցված է ինը մարդ: Տանը ամեն ինչ քանդվում էր՝ հիմքը, առաստաղը: Հրդեհ եղավ, վերանորոգեցինք, շարունակեցինք ապրել: Հետո տունը պետք եկավ համայնքային իշխանություններին… Թղթերով եկան, խնդրեցին բնակելի տարածքն ազատել: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք: Նրանք դատարան դիմեցին, վերջինս նրանց ճիշտ ճանաչեց, և մեզ վտարեցին: Մենք շրջանային դատարան դիմեցինք բողոքարկման, և դատարանը դարձյալ պաշտպանեց տեղական իշխանություններին»,- պատմել է Ավետիսյանը:
Տեղական իշխանությունների աշխատակազմից գործակալությանն ասել են, որ այդ բնակարանը տրվել էր Տատյանա Ավետիսյանի պապին «Սվերդլեսմաշ» ձեռնարկության կողմից, որից հետո բնակարան են տեղափոխվել ընտանիքի այլ անդամներ: 2016թ. դատարանը վճռել է, որ Տատյանան և նրա երեխաները բնակարանի օգտագործման իրավունք են ստանում, «բայց հայցվորի կողմից բնակելի տարածքը զբաղեցնելու իրավական հիմքերի բացակայության պատճառով մերժվել է սոցիալական վարձակալման պայմանագիր կնքել»:
Շրջանային դատարանի կայքում հրապարակված որոշման համաձայն՝ Եկատերինբուրգի իշխանությունները 2018թ. հուլիսին հայցով դիմել են՝ ընտանիքին բնակարանից դուրս հանելու համար, քանի որ վերջինս չի ունեցել բնակարանի օգտագործման իրավունք: Դատարանը վճռել է, որ Ավետիսյանները չեն ձևակերպել իրենց՝ բնակարանի կարիք ունեցող ճանաչելու փաստաթղթերը, ուստի բավարարել են իշխանությունների հայցը: Վերաքննիչ դատարանն էլ համաձայնել է այդ որոշման հետ՝ եզրակացնելով, որ Ավետիսյանները այդ բնակարանում ապրելու իրավունք չունեն:
Գևորգի խոսքով՝ ինքը կնոջ հետ դիմել է իրենց ձևակերպելու որպես բնակարանի կարիք ունեցողներ, բայց մերժում են ստացել: «Հայտարարեցին, որ ընտանիքն իրավունք չունի ապրել այդ տանը, քանի որ այն պետական է: Մենք խնդրեցինք որպես անապահով ընտանիք, ոչինչ չտվեցին: Մենք խնդրեցին, որ մեզ ժամանակ տան՝ տեղավորվելու համար: Մերժեցին: Ընտանիքը, որպես կարիքավոր չճանաչեցին»,- ասել է Ավետիսյանը:
Շրջանային իշխանությունների աշխատակազմից հայտնել են, որ Ավետիսյանների ընտանիքը հաշվառված չէ որպես բնակարանի կարիք ունեցող, ուստի նրանց չեն կարող ապահովել կացարանուվ, քանի որ դա կհանգեցնի «գործող օրենսդրության նորմերի խախտման»: Իշխանությունները հավելել են, որ ընտանիքը կարող է կացարանային պայմանները բարելավել սոցիալական ծրագրերի միջոցով, եթե համապատասխանեն դրանց պահանջներին:
Իր հերթին Ավետիսյանն ասել է, որ հող ձեռք բերելու պետական ծրագրից իրենք չեն կարող օգտվել, քանի որ մինչ այժմ Ռուսաստանի քաղաքացիություն չունեն:
«Ասում են՝ պաշտոնապես պետք է հող տան: Մենք վեց տարի է՝ հերթ ենք կանգնած, բայց ոչ մի բան էլ չեն տալիս: Ասում են՝ Ռուսաստանի քաղաքացի չեք: Բայց դա երեխաներին է տրվում, ոչ թե մեզ: Ասում են՝ մեր օրենք այդպիսին է»,- եզրափակել է Ավետիսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ