Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը որեւէ բան «իր վրայից գցելու» խնդիր չունի. նա ծանոթ չի եղել 0038 հրամանի տեքստի հետ». Արամ Օրբելյան

Փետրվար 28,2019 18:01

Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող այսօրվա որոշ հայտարարություններին:

Մեկնաբանելով Արամ Մանուկյանի պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող տեղյակ չլիներ ՊՆ-ի 0038 հրամանից, Արամ Օրբելյանը նշեց. «Այդ հրամանի շուրջ պարբերաբար փորձ է կատարվում ինչ-ինչ քննարկումներ ծավալել: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լեւոն-Տեր Պետրոսյանը եւ ոչ էլ ներկայիս վարչապետը նախարարների հրամանների տեքստերի դիտարկում չեն կատարել եւ չեն կատարում, նման իրավական ընթացակարգ գոյություն չունի»:

Արամ Օրբելյանի խոսքով՝ 0038 հրամանը որեւէ ապօրինի բան չի պարունակում՝ անկախ նրանից՝ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ եղե՞լ է դրան, թե՝ ոչ. «Նա որեւէ բան «իր վրայից գցելու» խնդիր չունի: Սեյրան Օհանյանն էլ հաստատեց, որ եթե ինքն էլ լիներ նախարար՝ նույն հրամանն էր արձակվելու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթ չի եղել հրամանի տեքստի հետ»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ «ծանոթ չի եղել, բայց միաժամանակ մտադիր է եղել բանակը հետ պահել ներքաղաքական գործընթացներից, այդ պատճառո՞վ է ՊՆ-ն այդ հրամանն արձակել», Արամ Օրբելյանն այսպես արձագանքեց. «Կեղծիքն այն է, որ տարբեր երեւույթները եւ իրարից անկախ իրադարձությունները փորձում են իրար կապակցել՝ հետին տեղեկատվության լույսի ներքո: Իրականում եղել է խնդիր, որ «Երկրապահը» զինված ապստամբության հարց է քննարկել, որը դատարանում ապացույցներով կներկայացվի: Դրան հաջորդել է հայտնի ժողովը, որում նախագահ Քոչարյանը հստակ հանձնարարական է տվել ՊՆ-ին՝ ձեռնարկել միջոցներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում, չշարունակվի, որովհետեւ քաղաքական գործընթացներում ԶՈՒ ներգրավվում էր տեղի ունենում: Դրանից հետո էլ ՊՆ-ն ընդունել է 0038 հրամանը, որից հետո զինված հեղաշրջման փորձ չի կատարվել, «Երկրապահը» չի միջամտել որեւէ գործընթացի»:

Արամ Մանուկյանի՝ «հազար պաշտոնյաներ Քոչարյանի իմացությամբ մասնացել են ՀԱԿ ակտիվիստների ձերբակալման եւ դատապարտման գործընթացին» հայտարարության մասին էլ Արամ Օրբելյանն ասաց. «Կարծում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը: Եթե որեւէ մեկը գտնում է, որ համապատասխանում է, թող դիմի իրավապահ մարմիններին»:

Արամ Մանուկյանի դիտարկման մասին էլ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի այցելել ՀԱԿ ակտիվիստներին, որոնք իր մարտական ընկերներն էին եւ մարտիմեկյան դեպքերից հետո դատապարտվել էին ազատազրկման, Արամ Օրբելյանը նշեց. «Դա գործի շրջանակներից դուրս է: Մարտի մեկից մեկ ամիս հետո Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չի եղել, ուստի փորձ է կատարվում խեղաթյուրել իրականությունը»:

Արամ Մանուկյանի մեկ տեղեկատվության մասին էլ, թե Ռոբերտ Քոչարյանն Արցախից սահմանապահ զորքերը բերել է տվել Երեւան, Արամ Օրբելյանը նախընտրեց չխոսել, քանի որ առաջիկայում, երբ հրապարակվի մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարձագանքի լրագրողների բոլոր հարցերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728