Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է:
Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են «Դասղեկի ձեռնարկը» և «Մանկական պատմվածքների ժողովածուն»: Ժողովածուում զետեղվել են պատմվածքներ, որոնք մշակվել են երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա: Ժողովածուն վերատպագրվել է 2016 թ. Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Սիրիայից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: 2019 թվականին ժողովածուն վերատպագրվել է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրի» կրթական բաղադրիչի շրջանակում՝ «Հայկական Կարմիր խաչի» ընկերության կողմից:
Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և կասկածելի տեղեկություններ հայտնվելու դեպքում դրանց իսկությունը ճշտել ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ:
Կրթության և գիտության նախարարություն