Այսօր մի քանի տասնյակ երիտասարդներ կառավարության առաջ վանկարկում էին՝ «Թո-ղեք աշխատենք» «նարգիլեն ծխախոտ չի»՝ կառավարությունից պահանջելով վերանայել ծխախոտի սահմանափակումների մասին օրենքը, որը նաեւ նարգիլեի ծառայություն մատուցող ակումբներին է առնչվում: Ակումբների աշխատակիցները կառավարության առաջ բողոքի ցույց արեցին:
«Նարգիլե» սիրողների միության» նախագահ Գոռ Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ակումբները փակվելու դեպքում 30-ից ավելի նարգիլեի ակումբներ փակվելու են, 700 եւ ավելի երիտասարդ կդառնա գործազուրկ, որոնցից մոտ 100-ը «սուղ մասնագետներ» են: Նրա խոսքով, իրենց ակումբները մասնագիտացված են եւ անգամ դրսից են մարդիկ հրավիրել աշխատելու, ակումբներում նաեւ սփյուռքից՝ մասնավորապես՝ սիրիահայեր են աշխատում: Բացի այդ, ըստ ցույցի մասնակիցների, իրենց բիզնեսները վարկերի տակ են եւ փակվելու դեպքում մեծ վնասներ կկրեն:
«Մենք ուզում ենք նստել բանակցությունների սեղան ու փորձենք բացատրել, որ այս ամենը սխալ է եւ նոր մոտեցում է պետք: Միակ դրական տեղաշարժը որ կա, այն է, որ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ բանակցել ենք, սակայն արդյունքի դեռ չենք հասել, նախագիծը երկու շաբաթ է՝ կառավարությունում է, բայց մեզ ոչ մի հրավերք չկա, որպեսզի նստենք եւ այդ հարցը քննարկենք»:
Ցույցի մասնակիցներն ասացին, որ իրենց պահանջն ուղղված է առողջապահության նախարարությանը, քանի որ նախագծի հեղինակը նրանք են եւ այն պահին, երբ սկսել են խնդիրը բարձրացնել, նախագիծը նախարարությունում է եղել: Բայց հիմա արդեն, Գոռ Գասպարյանի խոսքով, կառավարությունից են պահանջում հանդիպում, քանի որ նախագիծը կառավարությունում է. «Այս պահի դրությամբ բարի ենք տրամադրված, հույս ունենք, որ մեզ կկանչեն բանակցությունների, հետ կգնա նախագիծը նախարարություն, կվերամշակվի, կլինեն հանրային լսումներ՝ շահագրգիռ կողմերի հետ: Մենք բոլորս կողմ են,որ ծխելու դեմ պայքարն առաջ տարվի, բայց ճիշտ ու չլինի ժամանակավրեպ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Դա ոչ միայն վնասակար է, այլև մուսուլմանական մշակույթ է, որը փաթաթումեք քրիստոնյա ժողովրդի վզին: ՈՒրիշ բիզնեսով զբզղվեք: