ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնյա Սամվել Ադյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, մեղադրանքը չի ընդունում. դատարանի որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ ատյանում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց նրա շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար:
«Բոլոր մանրամասները հիմա չեմ կարող բացահայտել, բայց նրա դեմ տրված ցուցմունքներն ուղղորդված են, եւ Սամվել Ադյանն ինքն էլ այդ համոզմանն է»,-նշեց Ադյանի պաշտպանը, ապա վստահեցրեց, որ իր պաշտպանյալը գնումների գործընթացին ապօրինի միջամտություն չի ունեցել, ինչպես պնդում է վարույթն իրականացնող մարմինը: «Չի եղել նման բան: Նրանք (նկատի ունի Ադյանին եւ նույն մեղադրանքով անցնող նրա աշխատակից Գեւորգ Խաչատրյանին) իրենց իրավունքների սահմաններում են գործել եւ իրենց գործառույթներն են իրականացրել: Նրանք ցանկացել են հավասար մրցակցային պայմաններ ստեղծել բոլոր ընկերությունների համար եւ բացառել նախկինում եղած մենաշնորհը»,-եզրափակեց Դավիթ Մնացականյանը:
Հավելենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ «Զորաշեն» ՍՊԸ ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը: Նա էլ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։
Որոշ ԲԿ-ների գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտության առթիվ վերջերս ԱԱԾ էր դիմել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ