Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մեկնաբանելով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրանում արված այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար՝ այսօր կառավարության նիստից հետո ասաց, որ սա հնարավորություն կընձեռի, որպեսզի Իրան-Հայաստան գազամուղով Իրանից ավելի մեծ ծավալով գազ ներմուծենք Հայաստան՝ Վրաստան տարանցելու համար: Ըստ նախարարի, այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար:
Տիգրան Խաչատրյանի խոսքով, մինչ այս, իրանական գազամուղի կես ներուժն էր օգտագործվում. «Կարծում եմ` այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Իմ գործընկերների կողմից հնչեցված կարծիքներից տեղեկանում ենք, որ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը նաեւ անդրադարձավ նաեւ չինական մի ընկերության կողմից նախատեսվող 100 միլիոն դոլար ներդրման գործընթացին: Ասաց, որ ներդրողը միավորում է Չինաստանում այլումինե արտադրանք արտադրող կազմակերպությունների, որոնց շուկաները եվրոպական երկրներն են:
Նախարարն ասաց, որ ընկերությունը նախատեսում է մոտ 40 հեկտարի վրա արդյունաբերական գոտու հիմնում եւ շահագործում: Կարտադրի ալյումինե իրերից կահույք եւ կարտահանի:
Վանաձորում իրանական ներդրող ընկերության մասին էլ նախարարն ասաց, որ պլաստիկ գազաբալոնների արտադրություն է, որի արտադրանքը հիմնականում արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն եւ Եվրոպա: Արտադրությունը գարնանը կմեկնարկի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ