«Իրավական եւ քաղաքական գնահատական անպայման պետք է լինի»,- այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա եկել էր հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Ի դեպ, առաջին անգամն է, որ պաշտոնական այր էր եկել հարգելու սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, 1988 թվականի փետրվարի 27-ից, Ադրբեջանում, Բաքվից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին եւ սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։
Հարցին իրավական եւ քաղաքական գնահատականներ տալու մասին դիտարկումները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն քննարկվել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ծիծեռնակաբերդի բարձունքում էին նաեւ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ կային դրված ՀՀ նախագահի,ԱԺ նախագահի, վարչապետի անունից, ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից:
Հավաքվածները պահանջում էին, որ ադրբեջանահայության ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի, բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցում լինի. «Մենք այլեւս զիջելու բան չունենք, դեռ ետ բերելու բան ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ