«Պետք է հակահարված տալ ճաղերի հետեւում գտնվող «թոշակառու-երիտասարդին» (նկատի ունի՝ Ռոբերտ Քոչարյանին) եւ իր թիմակիցներին ու ասել՝ հասարակության համար անթույլատրելի է խայծը, թե նա անմեղ է, տուժած է, անտեղյակ է, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում: Հանրությունն իր մաշկի վրա է զգացել մարտի մեկի դեպքերը: Հակահարված տանք փոքրիկ-անբարոյական դրսեւորումներին, որոնք փողի ուժով փորձում են մթնոլորտ ստեղծել՝ փաստաբանների եւ լրագրողների գնել…»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր հանդիպմանն անդրադառնալով Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, որը ՊՆ 0038 հայտնի հրամանը նախագահին «զեկուցելու» ընթացակարգ չի եղել, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել եւ նպատակ է ունեցել միայն կանխել բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին, Արամ Մանուկյանը նշեց. «Սպասեք մեղադրանքի հրապարակմանը: Երբ մանրամասները տեսնեք, Ռոբերտ Քոչարյանը կսսկվի, իր թիմը՝ եւս: Այն, ինչ հրապարակվելու է դատարանում, բոլորիդ համար լինելու է նորություն»:
Չցանկանալով փակագծերն ամբողջությամբ բացել՝ Արամ Մանուկյանը միայն նշեց. «Մի փաստ մատնանշեմ, ընդ որում՝ առաջին անգամ: 150 մարդ նստել է բանտերում կեղծված մեղադրանքներով՝ հիմնականում մեկ ոստիկանի ցուցմունքով: Այդ անձանց մեծ մասը Քոչարյանի հետ Ղարաբաղում կռված-վիրավորված գործիչներ էին՝ ազատամարտիկներ, որոնք զենք ու փող են տարել Ղարաբաղ, ինչ ասես արել են՝ Ղարաբաղը պահելու համար: Քոչարյանը մեկին չհարցրեց՝ «այսինչ ջան, ինչո՞ւ եք նստել»: Ասենք թե՝ նա մարտի մեկին իսկապես չգիտեր, թե ինչ է կատարվել, բա հետո ինչո՞ւ չհետաքրքրվեց: Այդքան անձ նստեց պետական կառույցների համակարգված աշխատանքի միջոցով: Պետական համակարգը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, լծված էր այդ գործին»:
Արամ Մանուկյանը շարունակեց. «Նա ոչ միայն իմացել է, այլեւ նախապես է իմացել: Միայն այդ 0038 հրամանը չի: Մոտ հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բանակի եւ այլն, մասնակցել են, կազմակերպված խմբեր են եղել»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդմանը, որ Պաշտպանության երկու փոխնախարարները մտադիր էին անցնել ցուցարարների կողմը, եւ դա հաշվի առնելով է արձակվել 0038 հրամանը, Արամ Մանուկյանն ընդգծեց. «Եթե անգամ այսպես է եւ վտանգ կար, իսկ իրականում՝ չկար, ապա ո՞ր խելառը սահմանապահ զորքերը Ղարաբաղից կտեղափոխեր Երեւանի հրապարակ: Դա խելառությո՞ւն է, թե պետական դավաճանություն: Բա որ իմանաք՝ Մարտի մեկից դուրս եւ առաջ այդ մարդու արածները, թե ինչեր է նա արել մամուլի, կրթության, քաղաքական ուժերի, տնտեսության, հանքերի հետ»:
ՀԱԿ փոխնախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քաղաքական հայտարարություններ են անում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/557318368098971/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ