Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ-ին կոչ է անում ձերբակալված 2 աշխատակիցների մասին նախաքննության փուլում գաղտնիություն պահել

Փետրվար 28,2019 15:41

«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ, բայց ես գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ պայքար եմ տալու՝ Հայաստանի անկախության, ազատության ու զարգացման համար կռիվ եմ տալու»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ զարգացումներ կան վերահսկողականի աշխատակիցների՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալումների վերաբերյալ, ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Երկու օր առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է վերահսկողականի երկու աշխատակցի: Խոսքը մասնավորապես վերաբերում է հեմոդիալեզով զբաղվող կազմակերպությանը, որը վերահսկողականին մեղադրել էր բիզնես խլելու մեջ: Վերահսկողականի աշխատակիցները ձերբակալվել են պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով:

Այս առնչությամբ պարոն Սանասարյանն ասաց, որ այդ գործով ԱԱԾ-ն է զբաղվում, եւ նրանց ձերբակալումը դեռ չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է մեղադրել ինչ-որ գործարքի մեջ եւ որ նրանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: Այդուհանդերձ Դավիթ Սանասարյանը գտնում է, որ եթե նրանք կամ մեկ այլ անձ մեղավոր լինեն, պետք է պատասխան տան, քանի որ, ըստ Սանասարյանի, բոլորը օրենքի առաջ հավասար են: ԱԱԾ-ի իր գործընկերներին էլ կոչ արեց նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը. «Որեւիցե մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ Սամվել Այդյանն ու Գեւորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության լավագույն աշխատակիցներից են: Հարցին՝ արդյոք խնդիր չի՞ տեսնում, որ երկու եղբայր նույն տեղում են աշխատում, պարոն Սանասարյանն ասաց՝ Սամվել Ադյանն ու Դավիթ Ադյանը հորեղբոր տղաներ են, իրավական ոչ մի խնդիր չկա:

Այն հարցին, թե ձերբակալված պաշտոնյաներն արդյոք փոխկապակցված են հեմոդիալեզի պարագաների մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված «Զորաշեն» ՍՊԸ հետ, Սանասարյանը հորդորեց այդ հարցն իրավապահներին ուղղել: Պարոն Սանասարյանը նաեւ համաձայն չէր Վանաձորի բուժկենտրոնի տնօրենի այն հայտարարությանը, թե վերահսկողականի պատճառով իրենց հիվանդները խնդիրների առաջ են կանգնել, Դավիթ Սանասարյանն ասաց, որ նման բան չի կարող լինել, եւ որ Վանաձորի բուժհիմնարկի տնօրենը «ստում» է:

ՊՎԾ ղեկավարի խոսքով, Գրիգոր Լուսավորիչ բուժհիմնարկում տարիներ ի վեր միայն մեկ մատակարար է եղել եւ իրենց առաջարկության արդյունքում շուկան բացվել է, 8-9 կազմակերպություն մասնակցել են մրցույթին. «Առաջին անգամ: Որ ասում են՝ էդ երկու ֆիրմաներն են լավագույնները, ես հարց եմ տալիս՝ Արմենիա ու Էրեբունի ԲԿ-ներն ի՞նչ ֆիրմաներով են սպասարկվում: Արմենիա ԲԿ-ն ունի դիալեզի ամենաշատ պացիենտները: Հարց՝ մենք կոնկրետ անհանգստանում ենք ԲԿ-ների դիալեզի հիվանդներո՞վ, թե առհասարակ: Եթե խնդիր կա, ինչո՞ւ այդ խնդիրը չենք վերհանում, ինչո՞ւ ենք թողնում, որ Արմենիա ԲԿ-ին այլ կազմակերպություններ սպասարկեն: Մեր խնդիրը կոնկրետ է՝ գնումների մասին օրենքի տառը պահպանելն է եւ պահպանելու ենք»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ վերահսկողական ծառայությունը իր շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալեզի շուկան ՝ անկախ նրանից, թե ում շահն է այստեղ տրորվում: Նրա խոսքով, այս դաշտում շուկան մրցակցային չի եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728