Փետրվարի 27-ին Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որը հոգեկան առողջության խնդիրների պատճառով չէր ծառայել բանակում եւ նախորդ տարի հայտնվել էր սահմանից այն կողմ, դատապարտվեց քսան տարվա ազատազրկման: «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը պատահական չի համարում, որ Կարեն Ղազարյանի դատավճիռը հրապարակվեց սումգայիթյան ջարդերից 31 տարի անց եւ համընկավ ջարդերի երկրորդ օրվա հետ: «Որեւէ զուգադիպություն լինել չի կարող: Ամեն ինչ արվել է մտածված: Սա նշանակում է, որ Ադրբեջանը եւս մեկ անգամ հայտարարում է աշխարհին, որ չի պատրաստվում հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից, ավելին՝ շարունակելու է այն: Դա ուղերձ էր ՀՀ-ին եւ հայությանը»,-«Արմենպրես» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Մարինա Գրիգորյանը:
Նրա բնորոշմամբ՝ Կարեն Ղազարյանի դատավճիռը Սումգայիթից սկսված հայատյացության վերջին դրսեւորումն է:
«Սումգայիթյան ջարդերը կազմակերպվել եւ իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Մոսկվայի լուռ աջակցության պայմաններում: Հայերին ցուցադրաբար դուրս էին բերում փողոց, նսեմացնում, սպանում: Սարսափելի լուսանկարներ կան, որոնք հիշեցնում են այն, ինչ տեսել ենք 1915թ.-ին: Երեք օր շարունակ Ադրբեջանի որեւէ իրավապահ կառույց չէր անում ոչինչ, որպեսզի կանգնեցներ սպանդը: Երրորդ օրը միայն սովետական զորքերը մտել են Սումգայիթ, բայց նրանք հայերին փրկելու հրահանգ չունեին: Իրենց՝ Սումգայիթ մտնելու օրը ամենասարսափելի սպանություններն են կատարվել»,-հիշեցրեց Մարինա Գրիգորյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ բոլոր իշխանությունները եւս մեղավոր են, որ սումգայիթյան ջարդերը մինչ օրս չեն արժանացել քաղաքական գնահատականի. «Նրանք հետեւողական չեն եղել, չեն պահանջել: Բացի այդ, չկա ապացույց, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայ փախստականների հարցը շոշափվում է այնքան, որքան այն շոշափում է Ադրբեջանը: Հույս ունենք, որ նոր իշխանությունը կընդունի Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ցեղասպանության փաստը եւ իրավական դաշտում գործողություններ կսկսի»:
https://www.facebook.com/aravot.am/videos/411848232722513/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ