Փետրվարի 27-ին Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որը հոգեկան առողջության խնդիրների պատճառով չէր ծառայել բանակում եւ նախորդ տարի Տավուշի սահմանագոտու հատվածից հայտնվել էր Ադրբեջանում, դատապարտվեց քսան տարվա ազատազրկման: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը շեշտում է՝ նրա «դատավարությունը» շինծու է: «Վկայություն է տվել Ղազախի շուկայի սեփականատերը՝ նշելով՝ «ինձ ասել են, որ նա (նկատի ունի Կարեն Ղազարյանը) ցանկանում էր իմ շուկայի վրա հարձակվել, ես պահանջում եմ պատժել այդ ահաբեկչին»: Ո՞վ է նրան նման բան ասել՝ պարզ չէ: Նա անգամ այդ գործով վկա չի եղել, բայց ցուցմունք է տվել: Ինչպե՞ս կարող է նման վկայությունը դնել գործի հիմքում եւ մարդուն դատապարտել 20 տարվա ազատազրկման»,-«Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացնելով դատական նիստից որոշ մանրամասներ՝ ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Նա փաստեց, որ ադրբեջանական կողմը որոշակի պահից արգելափակել է դատավարության մասին տեղեկատվությունը. «Չիրականացրին բաց ու թափանցիկ քննություն ու դատավարություն: Քննությունը կեղծ էր: Կարծում եմ՝ մեր իշխանությունը պետք է փորձի ՄԻԵԴ-ում բարձրացնել Կարեն Ղազարյանի իրավունքների խախտման հարցը»: Մասնագետը նկատեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել արհեստական իրավիճակ, որպեսզի հայկական կողմը Քարվաճառի դիվերսանտներին, որոնք տարիներ առաջ մարդկանց են սպանել, լրտեսություն իրականացրել, փոխանակի Ադրբեջանում դատապարտված հայ քաղաքացիական անձի հետ:
«Բայց ի տարբերություն Կարեն Ղազարյանի շինծու դատավարության՝ Արցախում Քարվաճառի դիվերսանտների դատավարությունը տեղի ունեցավ բաց եւ հրապարակային սկզբունքով: Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը հետամուտ է լինելու ցեղասպան քաղաքականությանը եւ առիթը բաց չի թողնելու՝ իր վերահսկողության տակ հայտնվող հայերին սպանելու, ինքնությունը ոչնչացնելու համար: Կարեն Ղազարյանի դատավարությունը՝ որպես օրինակ»,-եզրափակեց փորձագետը:
https://www.facebook.com/aravot.am/videos/349942128940203/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ