Լրահոս
Օրվա լրահոսը

«2003-ին եղել է թալանչի, մարդասպան, մարդակեր ռեժիմ, բա ինչի՞ է ռեժիմը փոխվել». Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի նախագծերը չանցան

Փետրվար 28,2019 14:16

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագիծը, որով առաջարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարել ու դատապարտյալների 1 օրը մեկուկես օր հաշվարկել:

Խոսքը 2004 թվականի հունիսի 09-ի ՀՕ-97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ վերջերս կիրառված համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածին է վերաբերվում, այսինքն, այն դեպքերին, երբ նախկին իշխանությունների օրոք ՔԿՀ-ներում դատապարտյալները ծանր օրեր են ունեցել, հետեւաբար, ըստ Մարուքյանի, 1 օրը կարելի է հաշվարկել 1,5:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս նախագծից կօգտվեն ծանր սպանություն, բռնաբարություն կատարած անձինք ու չեն օգտվի միջին ծանրության հանցանք կատարածները. «Բազմաթիվ դեպքեր կլինեն, երբ մենք ստիպված կլինենք վնասի հատուցում տալ, որովհետեւ կստացվի, որ մարդն ավելի շատ է նստել, քան պետք է նստեր»:

Մարուքյանն ասաց, որ չի կարող նման բան լինել, որովհետեւ խոսքը ՔԿՀ-ներում եղած մարդկանց վրա է տարածվում, ապագայում նման դեպքերի վրա չի տարածվում, «ով կազատվի՝ կազատվի»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես զարմանում եմ, 2004-ին մենք ունեցել ենք օրենսդրական կանոնակարգում, որտեղ նախատեսված է եղել, որ 3 օրը մե՞կ պետք է քնեն նախնական կալանքի տակ՝ ոչ: Պարտավորություն է եղել, չեն կատարել, ինչո՞ւ մենք չենք անդրադառնում նրան, որ այն անձինք, ովքեր խախտել են դա, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Գործնականում խախտվել են մարդու իրավունքները: Մենք այսօր փորձում ենք համահարթեցման միջոցով, քողարկված համաներում իրականացնելով՝ մխրճվել այն ոլորտի մեջ, որի մեջ իրավունք չունենք մխրճվել: Խոսում ենք ծանրաբեռնվածությունից, բա եթե ՔԿՀ-ները նորից լցվեն վաղը, մենք նորից այս օրենքի կարգավորմանը վերադառնալու կարի՞ք ենք ունենալու»:

Մարուքյանն արձագանքեց՝ ասելով, որ մեխանիզմ չկա անհատական այս խնդիրներին անդրադառնալու, եթե քաղաքական մեծամասնությունը ունի քաղաքական կամք՝ կարող են քննարկել բովանդակային, իսկ եթե չունի՝ չունի. «Այս օրենքի նախագիծը ծնվել է բազմաթիվ մարդկանց պահանջով: Երբ ես խնդիրը ներկայացրել եմ, դեռեւս համաներումը չի եղել: Կառավարությունն այն ժամանակ ասաց՝ մի հատ սպասեք, համաներումն անենք, հետո կլուծենք: Սպասեցինք, համաներումն արվեց, խնդիրը չլուծվեց: Հիմա կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Մենք սպասում էինք սա, անակնկալ չի»:

Մարուքյանն ասաց, որ ապագայի համար կարող են լուծումներ մտածել, ինչպես անեն, որ ՔԿՀ-ներում հերթով չքնեն մարդիկ, բայց նախկինում դրա միջով անցած մարդկանց հարցում լուծումներ չկան. «Հետ գնալու լուծումը սա է: Մեկն ասում է, թե 2003-ին, 2004-ին օրենքը փոխվել է, նախկինում 1,5 օր էր, դարձրել են 1 օր, բա ինչի՞ է այն ժամանակ փոխվել: Ժողովուրդ, բա 2003-ին եղել է թալանչի, մարդասպան, մարդակեր ռեժիմ, բա ինչի՞ է ռեժիմը փոխվել»:

Մարուքյանի նախագծին հանձնաժողովում մեծամասնությունը դեմ քվեարկեց, ուստի այն ստացավ բացասական եզրակացություն:

Նմանատիպ նախագիծ ներկայացրել էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ նախնական կալանքի տակ գտնվողներին ստորացրել են, 7-8 հոգով հերթով են քնել ու նախագիծն ուղղված է դրան. «Մենք հնարավորություն տանք քաշելու կարմիր գիծն ու ուղղելու այն, ինչ եղել է նախկինում, անմարդկային վերաբերմունքը փոխելու…Փարաքար գյուղում մի երիտասարդ նորածին երեխային ծածկելու համար կողքի պահեստից ծածկոց էր գողացել ու խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել էր կալանքը: Նախկինում 90 տոկոսին կալանքի տակ էին պահում՝ կապ չուներ սերիական մարդասպա՞ն էր, թե՞ երեխայի համար ծածկոց գողացող»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Բոլորս ընդունում ենք, որ խնդիրը եղել է, մարդու իրավունք է խախտվել, բայց չենք կարողանում լուծումը գտնել: Եթե իսկապես ասում ենք, որ հեղափոխական կառավարություն է, ուրեմն հեղափոխական միջամտություն պետք է ունենալ: Տպավորություն է, որ կառավարության դիրքորոշումը ԱԺ-ի համար անբեկանելի պետք է լինի, էդ մոռացե՞լ եք, որ խորհրդարանական երկիր ենք»:

Նաիրա Զոհրաբյանի նախագծին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, 9 դեմ, այս նախագիծը եւս բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728