Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեց խորհրդի նիստին խոսել ցանկացող զինվորականի մասին, որն իրեն մեղադրում էր ապօրինությունների մեջ:
«Այն մարդը, որ այսօր եկել էր, մեղադրական ակտերից մեկը նրանն է, նախաքննությունն ընթանում է, կգա ժամանակը, եւ դուք կհամոզվեք, որ դա սարքած, մտացածին գործ է: Իմ մեղքը քրեական պատժելիության սահմաններում կամ որեւէ գործում, ես համոզված եմ` չի ապացուցվի»,-ասաց Արամ Սիմոնյանը:
«Ստուգումների արդյունքները, որ մեզ ակտի ձեւով չի էլ տրվել, այլ տեղեկանք է տրվել, որի հիման վրա 48 էջանոց պատասխան ենք տվել: Ի դեպ, առանց մեզ ակտին ծանոթացնելու, օրենքի խախտումով այն ուղարկվել է դատախազություն, դրա համար էլ մենք մեր պատասխաններն էլ ենք ուղարկել դատախազություն:
Նախարարի հետ իմ խոսակցության հաջորդ օրը 6-րդ վարչությունը մուտք գործեց համալսարան, այստեղ աշխատեցին 4 օր ու գիշեր եւ ներկայացրին այն երեք հիմնավորումները, որոնց հիման վրա հայտարարություն տարածվեց:
Դրանցից մեկն այն էր, որ ինձ մեղադրում էին, թե իբր կաշառք եմ ստացել, երկրորդը չնչին գումարով` վառարան: Ինչ վերաբերվում է այն մարդուն, որ նիստին աղմուկ էր հանում, նա բուֆետապան է, 10 տարուց ավելի աշխատեցնում էր բուֆետը, սակայն ժամանակին չէր մուծում ոչ սպասարկման վարձը, ոչ պետության հասանելիքը, նաեւ վատ էր սպասարկում: Դրա համար տեղյակ պահեցինք, որ իր հետ այլեւս պայմանագիր չենք երկարացնելու: Նա էլ ասաց, որ հեսա սրա գմփունը կլսեք:
Նա սարսափելի կոնֆլիկտային անձնավորություն է, որի հետ աշխատելը դժվար է, որովհետեւ պետության հասանելիքն ենք ուզում, ինքը ամեն ինչից կռիվ-դավի էր սարքում: Երրորդն էլ այն է, որ առանձին դեպքերում մեր դասախոսները հիվանդության կամ ինչ-ինչ պատճառով դասի չեն ներկայանում, բայց դասը չի տապալվում, փոխարինվում է, իսկ նրան փոխարինածը երկու անգամ աշխատավարձ չի ստանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ