ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին ելույթ ունեցավ խորհրդի անդամ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նա դեմ էր, որ նիստը չեղյալ հայտարարվի, որովհետեւ, նրա խոսքով, այդպես առկախվում է համալսարանի հարցը: «Եթե այսօր թողնենք հեռանանք, հարցը եփվելու է, անառողջ զարգացումներ են լինելու, քանի շիտակ խոսում ենք, եկեք խոսենք»,-ասաց նա: Ապա առաջարկեց շարունակել ԵՊՀ իրավիճակի շուրջ քննարկումը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը նորից քվեարկության դրեց օրակարգը` իրավիճակի շուրջ եւ Արամ Սիմոնյանի հրաժարականի շուրջ առաջարկներով: Ձայների մեծամասնությամբ օրակարգը չհաստատվեց, նիստն էլ ավարտված համարվեց:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նիստից հետո պատասխանելով հարցին, արդյոք իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվել, եւ հայացքների համար է թիրախավորվել՝ նշեց. «Նման ցանկություն առաջեցել է ԿԳ նախարարի ու իր խորհրդական Սամվել Կարաբեկյանի մոտ, որոնք մեր համալսարանականներն են, որոնց ժամանակին դուր չի եկել իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, թեեւ քաղաքավարության սահմաններից դուրս որեւէ խոսակցություն մենք չենք ունեցել»:
Ինչ վերաբերվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքներին, ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ խորհուրդը ԵՊՀ խնդիրները լուծող գերագույն մարմինն է, ու ինքը իրավասու չէ քննարկել նրա որոշումները: «Միանգամայն համաձայն եմ հնչեցված այն տեսակետի հետ, որ առաջ քաշված հարցը կամայական է, իրավական տեսանկյունից չունի ոչ մի լուրջ հիմնավորում: Ես ժամկետով ընտված ռեկտոր եմ, եւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա: Ինչքան էլ որ ասեն, թե նախորդ հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, հալածվում էր, դա ինձ համար հեռու է ճշմարտությունից»,-հայտնեց Արամ Սիմոնյանը:
Ռեկտորը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին էլ անդրադարձավ`ասելով, որ նա շատ կոռեկտ, բանիմաց ձեւով է դրսեւորում իրեն, ինքն էլ հոգաբարձուների ներկայիս խորհրդի որեւէ անդամի կողմից էլ չի լսել որեւէ թթու խոսք իր մասին: «Ես կարծում եմ, որ այստեղ կա քաղաքական խնդիր, ես ՀՀԿ անդամ եմ 1997-ի սկզբից, երբ Անդրանիկ Մարգարյանը նոր էր ընտրվում կուսակցության նախագահ: Էլի եմ կրկնում` ես ոչ թե երազել եմ կարիերայի մասին, ընդունվելով այդ կուսակցություն, այլ որովհետեւ ես Նժդեհի գաղափարների ջատագովն եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ