Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային մուտքերի հետ կապված տարօրինակությունները շարունակվում են. «168 ժամ»

Փետրվար 28,2019 12:19

Դեռևս անցած տարվա վերջին ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով ինչ-որ բան այնպես չէ։ ՊԵԿ-ը հնարավոր ամեն ինչ արեց բյուջեի բարձր կատարողական ցույց տալու համար։

Մասնավորապես, դեկտեմբերի վերջին օրերին մուտքագրվեցին բավական խոշոր գումարներ, որոնց ծագումը լուրջ կասկածների տեղիք տվեց։ Ու որքան էլ ՊԵԿ-ը փորձեց որոշակի բացատրություն տալ դրան, այնուհանդերձ, կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ավելի խորացան։ Դրանք պահպանվում են նաև այս տարվա սկզբի ցուցանիշներում։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվարի կատարողականը։ Առաջին հայացքից նախորդ տարվա համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Հավանաբար, դա է եղել պատճառը, որ ՊԵԿ-ը խուսափել է փոփոխությունները ներկայացնել նաև անցած տարվա համեմատությամբ։ Այլապես կստացվեր, որ որոշ հարկատեսակների գծով մուտքերը մի քանի հարյուր տոկոսով նվազել են։

Դատելով հրապարակված ցուցանիշներից՝ շահութահարկի գծով այս տարվա հունվարին պետական բյուջեն ոչ միայն եկամուտ չի ստացել, այլև մինուսով է փակել։ Մուտքերն այս հարկատեսակի գծով կազմել են -1,4 մլրդ դրամ։

Սա ըստ էության նշանակում է, որ ՊԵԿ-ն ավելի շատ գումար է վերադարձրել հարկատուներին, քան գանձել է։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է դրա պատճառը։ Պատճառը հավանաբար պետք է փնտրել անցած տարվա վերջի ցուցանիշներում։

Դեկտեմբերին ՊԵԿ-ը շահութահարկի բարձր մուտքեր ապահովեց։ Այն հասավ գրեթե 34 մլրդ դրամի։ Սա այդ շրջանի համար ռեկորդային բարձր ցուցանիշ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերը շահութահարկի հաշվետու ամիս չէ։

Համեմատության համար ասենք, որ անցած տարի շահութահարկի ամենաբարձր կատարողականն ապահովվել էր ապրիլին, այդ ամսին մուտք էր եղել 36 մլրդ դրամ, ինչը միանգամայն բնական էր՝ հաշվի առնելով, որ ապրիլը հանդիսանում է շահութահարկի վճարման հաշվետու ամիս։ Միշտ էլ այդ ամսին մուտքերն անհամեմատ ավելին են լինում։ Բացառություն չէր նաև անցած տարին։

Տարօրինակ էր, սակայն, որ դեկտեմբերը ևս առանձնացավ շահութահարկի վճարման բարձր ակտիվությամբ։ Հատկապես այն բանից հետո, որ նոյեմբերին այս հարկատեսակի մուտքերը պակաս էին նույնիսկ 1 մլրդ դրամից։

Ինչո՞վ էր պայմանավորված անցած տարվա դեկտեմբերին շահութահարկի մուտքերի կտրուկ ավելացումը, այդպես էլ պատասխան չտրվեց։ Ամեն դեպքում, այս տարվա հունվարին այդ հարկատեսակի գծով գրանցված բացասական պատկերը որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս։ Ըստ ամենայնի, հունվարին Պետեկամուտների կոմիտեն հետ է վերադարձրել շահութահարկի գծով անցած տարվա դեկտեմբերին որոշ գերպարտաճանաչ հարկատուների կողմից ավելի վճարված գումարները։ Արդյունքում՝ մուտքերի ու ելքերի բացասական պատկեր է ստացվել։

Նշենք, որ 2018թ. հունվարին շահութահարկի վճարները գերազանցել էին 2,9 մլրդ դրամը։ Մինչդեռ այս տարվա հունվարին դրանք կազմել են -1,423 մլն դրամ։

Իհարկե, սա միակ հարկատեսակը չէ, որի գծով մուտքերը հունվարին բացասական նշանով են։ Այդպիսին է պատկերը նաև բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների դեպքում, որոնք ևս անցած տարվա դեկտեմբերին կտրուկ փոփոխություններ էին կրել։ Եթե նոյեմբերին բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի մուտքերը նույնիսկ բացասական նշանով էին, ապա արդեն դեկտեմբերին արձանագրվել էր բավական բարձր կատարողական՝ ավելի քան 9,2 մլրդ դրամ։

Այս տարվա հունվարին բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարը կազմել է -939 մլն դրամ։ Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այս հարկատեսակի մուտքերը գերազանցել էին 1,9 միլիարդը։

Բացասական է նաև միասնական հաշվի մնացորդը։ Այս դեպքում տարբերությունը շատ ավելի մեծ է։ Եթե նախորդ տարվա վերջին այն հասնում էր ավելի քան 48 միլիարդի, ապա այս տարին մեկնարկել է -7,3 մլրդ դրամով։

Տարեսկզբին բյուջետային մուտքերի հետ կապված տարօրինակությունները միայն սրանով չեն սահմանափակվում:

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728